Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դատախազությունից ստացա մի նախադասությամբ պատասխան․ Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  հերթական դատական նիստը։ 

Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ով  դատարան ներկայացել է Իզմիրյան բժշկական կենտրոնից: 

 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը քննում է  3 միջնորդություն: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում, կամ անձնական երաշխավորություն։ 

Անձնական երաշխավորության հարցը արդեն իսկ ներկայացվեց դատարարանում: Այնուհետև  փաստաբան Հայկ Ալումյանը անդրադարձավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու կամ փոփոխելու մասին միջնորդությանը:

Փաստաբանը շեշտեց, որ այս միջնորդության կոնտեքստում տեղավորվում է նաև նախորդ միջնորդությունը՝ անձնական երաշխավորության մասին:

Փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը անցավ երրորդ միջնորդությանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ: Շեշտադրումը կրկին կորոնավիրուսով պայմանավարված իրավիճակի վերաբերյալ էր:

Փաստաբանը ներկայացրեց կորոնվիրուսի համավարակի այս պահին առկա թվերը մեր երկրում: Շեշտեց՝ Արդարադատության նախարարությունից իր հարցմանն ի պատասխան պարզել է, որ քրեակատարողական հիմանարկներում տարիքային առումով  ռիսկային խմբերում գտնվող 8 անձ կա այս պահին, նրանցից միայն 3-ը ունեն համակցված հիվանդություններ, նրանցից հինգը ապրիլի 28-ի դրությամբ թեստավորվել են, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ նրանք ունեցել են ախտանիշներ:

Փաստաբանը հավելեց՝  նաև Մարդու իրավունքների պաշտպանն է խորհուրդ տվել, որ իրավապահ համակարգում հնարավորինս շատ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցները:

«Դատախազությանը խնդրել էի նախաձեռնել նիստ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ստացա մի նախադասությամբ պատասխան, որ այդ ամենը ինչ խոսում է կորոնավիրուսի մասին, կիրառելի չէ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Դատախազությունը հայտարարությամբ է հանդես գալիս, ասում է՝ մենք խափանման միջոցները փոխելու գործընթաց ենք նախաձեռնել, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում կիրառելի չէ»:

Պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ևս անդրադարձավ համավարկով պայմանավորված իրավիճակին: Այնուհետև անդրադարձավ բուն գործին: Ըստ նրա՝ այս գործը վաղուց իրավական չէ, և գործով չի լինելու մեղադրական դատավճիռ քանի որ իր մեջ մի շարք իրավական խոտաններ ունի:

«Սա իրավական խնդիր չէ, խնդիրը ընտրություն կատարելու մեջ է, չգիտեմ՝ ինչքանով է պատահական այս դատական նիստը հենց մայիսի 8-ին նշանակելը, բայց բավականին սիմվոլիկ է և դատարանի ցանկացած որոշմանը այդ սիմվոլիզմը  հաղորդելու է ավելի մեծ մասշտաբներ»:

Նշենք, որ առաջին միջնորդության համար դատական նիստին անձամբ ներկայացան Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է 2008 թվականին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։