Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վլադիսլավ Արտեմիևի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության 6-րդ տուրում Եվրոպայի հավաքականը ներկայացնող Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հավաքականի շախմատիստ Վլադիսլավ Արտեմիևի հետ:
Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը սկզբնախաղում կենտրոնական հզոր գոտի ստեղծեց, սակայն երիտասարդ մրցակիցը զինվորներով պաշտպանության գիծ ստեղծեց և կարողացավ հավասարեցնել դիրքը: Պարտիայի 29-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին: Այդպիսով, Լևոն Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել առաջին տուրում ռուս շախմատիստից կրած պարտության դիմաց:
Մնացած երեք պարտիաներից երկուսում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ ահա Մաքսիմ Վաշյե-Լագրավը անչափ համառ պայքարում պարտության մատնեց Յան Նեպոմյաշչիին և չորրորդ անընդմեջ հաղթանակը պարգևեց իր թիմին:
Վեց տուրից հետո Եվրոպայի հավաքականը վաստակել է 9 միավոր և շարունակում է հետապնդել միանձնյա առաջատար Չինաստանին, որն այս տուրում 3,5:0,5 հաշվով ջախջախեց Աշխարհի հավաքականին և պահպանեց երկու միավորի առավելությունը:
Վաղը կկայանան 7-րդ և 8-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանի թիմը նախ կհանդիպի Չինաստանի, ապա Հնդկաստանի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ շախմատի միջազգային ֆեդերացիան և Chess.com հարթակը մայիսի 5-ից անցկացնում են շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշար: Մասնակից վեց հավաքականները նախ շրջանաձև մրցակարգով կխաղան իրար հետ՝ օրական անցկացնելով երկու տուր: Տասը փուլից հետո առաջին երկու տեղերը գրաված թիմերը մայիսի 10-ին եզրափակիչ մրցամարտում կորոշեն հաղթողին: