Լևոն Արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում կմասնակցի շախմատի Ազգերի 1-ին գավաթին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան և Chess.com հարթակը մայիսի 5-10-ը կանցկացնեն շախմատի առցանց թիմային մրցաշար՝ Ազգերի գավաթի խաղարկություն:
Մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի այլ հավաքականներ: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում հանդես կգա երկրորդ համարի տակ:
Խաղարկությունը կանցկացվի երկու փուլով: Նախ թիմերը շրջանաձև մրցակարգով կխաղան իրար հետ՝ օրական անցկացնելով երկու տուր: Տասը փուլից հետո առաջին երկու տեղերը գրաված հավաքականները եզրափակիչ մրցամարտում կորոշեն շախմատի Ազգերի գավաթակրին:
Պարտիաները ընթանալու են արագ շախմատի կանոններով, 25-ական րոպե՝ յուրաքանչյուր քայլից հետո 10 վրկ ավելացման ժամակարգով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 180 հազար դոլար:
Երեկ Chess.com/TV–ի ուղիղ եթերում տեղի է ունեցել վիճակահանության արարողությունը: Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը, որի ավագը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է, կհանդիպի Ռուսաստանի թիմի հետ: Լևոն Արոնյանի առաջին հավանական մրցակիցը կլինի Վլադիսլավ Արտեմևը: Այսօր նախատեսված երկրորդ տուրում Եվրոպան ուժերը կչափի ԱՄՆ-ի հետ, որտեղ հայ շախմատիստի ռեալ հակառակորդ կարող է լինել Հիկարու Նակամուրան:
Հավելենք, որ բոլոր հանդիպումները հեռարձակելու է Chess.com կայքը: Դրանք ուղիղ եթերով մեկնաբանելու են գրոսմայստերներ Վլադիմիր Դոբրովն ու Վլադիմիր Ֆեդոսեևը: