Բացել լրահոսը Փակել լրահոսը
bhk-um-piti-oroshen-biznes-kam-n148873-1
A A
Քաղաքականություն

Կարծում եմ, հակառակն է եղել` Միքայել Մինասյանն է առաջարկել գումար վճարել և հեռանալ. Հայկ Գևորգյան

«Ա1+»-ի առցանց հարցազրույցը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ

 

- Պարոն Գևորգյան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը նախօրեին հայտարարեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել` վճարել սիմվոլիկ գումար ու ազատվել բոլոր հետապնդումներից: Ինչո՞ւ է Ն.Փաշինյանը նրան նման աաջարկություն արել:

- Դա բնականաբար ամբողջությամբ սուտ է, ես կարող եմ ենթադրել, որ տեղի է ունեցել հակառակ երևույթը` Միքայել Մինասյանն է ասել, թե ինչ-որ մի սիմվոլիկ գումար վճարեմ ու հեռանամ, բայց դա մերժվել է:

- Անկախ այն հանգամանքից, թե ով է արել այդ առաջարկը, փաստորեն ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Ա.Վանեցյանը եղել է նրանց միջև կապող օղակը:

- Ես չգիտեմ, թե այդ պնդումը որքանով է համոզիչ թվում:

- Մյուս կողմից էլ, եթե Ա.Վանեցյանը ԱԱԾ պետ եղած ժամանակ սեփական բիզնես-ծրագրե՞րն է առաջ տարել, և ինչպես վարչապետի մամլո խոսնակն է նշել` միջնորդավորված անձի միջոցով ձեռք է բերել ԶՄՊՄԿ-ում Մ.Մինասյանի բաժնեմասը:

- Նախ համոզված եմ, որ վարչապետը Ա.Վանեցյանին նման հանձնարարական չի տվել, բայց ես չեմ կարող բացառել, որ նրանց մեջ գործարք է տեղի ունեցել:

- Չե՞ք կարծում, որ այդ հարաբերությունների առումով կա Ն.Փաշինյանի պարզաբանման անհրաժեշտությունը:

- Այդ հարցը վարչապետին է ուղղված: Չի եղել, չէ՞, դեպք, որ Ն.Փաշինյանը չպարզաբանի:

- Ա.Վանեցյանը հայտարարում է, որ առաջիկայում քաղաքական կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու: Նա մտադիր է կուսակցություն ստեղծել, համախմբել ընդդիմադիր դաշտը: Դա իշխանություններին չի՞ մտահոգում:

- Դուք կհիշե՞ ք, թե նա արդեն որերորդ անգամն է նման բան հայտարարում: Բազմաթիվ անգամ է արել: Կհիշե՞ք, թե քանի անգամ և որ ուժերը պետք է համախմբվեին, իսկ էն «Վերնատուն» ակումբն ի՞նչ եղավ:

- Դատարանը երեկ բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշումը, բայց նա դեռ կալանավորված չէ ու հայտարարել է, թե նպատակահարմար չի համարում կալանավորվել: Սա իրավապահ մարմինների աշխատանքի թերացո՞ւմ է։

- Ճիշտն ասած` մանրամասն ծանոթ չեմ այդ գործի ընթացքին:

- Ձեր գործընկերներն ասում են, թե  ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքն է պատճառը, որ նախկին իշխանություններն ավելի են ուժեղացրել ձեր դեմ պայքարը:

- Այո: Այդ օրենքը գործող Ազգային ժողովի կողմից ընդունված կարևորագույն օրենքներից է: Բայց պատճառը միայն դա չէ, խնդիրն այն է, որ համընկել են մի քանի հանգամանքներ` մի քանի շատ կարկառուն դեմքերի նկատմամբ հարուցված քրեական գործերն են, կալանքի որոշումներն են, Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններն են: Եվ հիմա իշխանությունների ուղղությամբ այս հարձակումը տեղի է ունենում այն պատճառով, որ վերը նշված երևույթներն իրենց պիկին են հասել:

- Ի սկզբանե հասարակության որոշ խմբերի կողմից պահանջ կար ավելի խիստ լինել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, ինչպես դուք եք ասում՝ թալանել են կամ այլ հանցվագործություններ են կատարել: Չե՞ք կարծում, որ իշխանություններն այդ հարցում հապաղեցին և հիմա կազմակերպված հակահարված են ստանում:

- Մենք խոսում ենք կոնկրետ հանցագործությունների մասին և դրանց բացահայտման իրավական ընթացքը որոշակի գործընթաց և ժամանակ է ենթադրում: Չենք կարող փողոցից  մարդ բռնել, ասել` դու թալանչի ես, ու տանենք նստեցնենք: Այդ ամենը պետք է լինեն օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Այն, ինչ հնարավոր է արագ անել, արվում է: Իհարկե, որոշակի ձգձգում կա, որն ինձ էլ դուր չի գալիս, բայց պահանջը, որը դրված է իրավապահ համակարգի առաջ, այն է, որ պետք է ամեն ինչ օրենքով լինի:

- Նախկին իշխանություններն ունեն մեծ ֆինանսներ, և բավականին համակարգված պայքար են մղում գործող իշխանությունների դեմ: Չե՞ք վախենում, որ նրանք կհաջողեն:

- Նախկին իշխանությունների համար որոշակի պիկային իրավիճակ է, դատական համակարգում բարեփոխումների օրենքն ընդունվեց, մի քանի հայտնի անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ կան, Արցախի նախագահական ընտրություններն են, որոնց արդյունքը մի անձի դեպքում իրենց համար շատ անակնկալ էր: Այդ բոլորը գումարվել են և պատճառը դրանք են, որ մեր նկատմամբ հարձակում են գործում: Հավատացնում եմ՝ մենք կդիմանանք:

- Արցախում ո՞ր անձին նկատի ունեք:

- Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին: Նրանք հույս ունեին, որ Վ.Բալասանյանը կընտրվի, և նրա միջոցով ազդեցություն կունենան ՀՀ-ի և ՀՀ իշխանությունների վրա: