Մի լուսանկարի պատմություն. Ինչպես Տիգրան Պետրոսյանը ծանոթացավ Ռոբերտ Ֆիշերի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատային հանճար Ռոբերտ Ֆիշերը նախկին Խորհրդային Միության շախմատիստներից ամենաշատը հանդիպել է մեր հայրենակից Տիգրան Վարդանի Պետրոսյանի հետ: Այդ պարտիաները միշտ էլ անցել են անչափ լարված և հետաքրքիր պայքարում: Աշխարհի նախկին չեմպիոնների անդրանիկ հանդիպումը հանգամանքների բերումով տեղի էր ունեցել 1958 թվականին, երբ նրանք դեռ չէին ճաշակել մեծ հաղթանակի բերկրանքը:
ԽՍՀՄ շախմատի ֆեդերացիան այդ տարի Մոսկվա է հրավիրում 15-ամյա Ռոբերտ Ֆիշերին, որը մեկ տարի առաջ նվաճել էր ԱՄՆ մեծահասակների չեմպիոնի կոչումը: Նպատակը Խորհրդային Միության պատանիների չեմպիոն Բորիս Սպասկու հետ մրցամարտի անցկացումն էր: Սակայն ամերիկացի հրաշամանուկը հայտարարում է, որ ինքը ցանկանում է խաղալ միմիայն աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հետ: Ֆեդերացիան, բնականաբար, լուրջ չի ընդունում նման առաջարկը և մերժում է ինքնավստահ հյուրին:
Ռոբերտ Ֆիշերը Մոսկվայում եղած ժամանակ ամեն օր այցելում է շախմատի կենտրոնական ակումբ և կայծակնային խաղի սեանսներ անցկացնում տեղի շախմատիստների հետ: Նա պարզապես ջախջախում է իր բոլորին մրցակիցներին՝ անկախ տարիքից ու կոչումներից:
ԽՍՀՄ շախմատի ֆեդերացիայի ղեկավարությունն ինչ-որ տեղ մեղավոր է զգում իրեն այդ պարտությունների համար, քանի որ հենց իրենց հրավերով է ամերիկացի շախմատիստը ժամանել Մոսկվա: Ինչպես հիշում է այդ իրադարձությունների վկա, գրոսմայստեր Եվգենի Վասյուկովը, Ռոբերտ Ֆիշերին դաս տալու համար ֆեդերացիան Տիգրան Պետրոսյանին խնդրում է գալ ակումբ և մրցել պատանի ամերիկացու հետ: Հայազգի շախմատիստն առանց այլևայլության ընդունում է հրավերը, քանի որ հաճույքով է մրցել կայծակնային խաղում:
Առաջին երկու պարտիաներն ավարտվում են Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Երրորդում Ռոբեր Ֆիշերին հաջողվում է մեկ միավոր ետ բերել, սակայն մեր փորձառու շախմատիստը հետագայում այլևս կոպիտ սխալ թույլ չի տալիս արագ խաղի ընթացքում և վստահ հաղթանակ է տոնում: Մրցամարտից հետո Տիգրան Վարդանի Պետրոսյանը բավականին բարձր գնահատական է տալիս 15-ամյա մրցակցի խաղին՝ հավելելով, որ այդ պատանյակը դեռ կզարմացնի շախմատային աշխարհին: Ռոբերտ Ֆիշերը հիշելով «Երկաթյա Տիգրանի» հետ առաջին պարտիաները, ասել է, որ չնայած դրանք կայծակնային բնույթի էին, սակայն շատ ուսուցողական են եղել իր համար:
Հետագայում Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Ֆիշերն անցկացրել են դասական շախմատի 27 հանդիպում: Սկզբում առավելությունը եղել է մեր շախմատիստի կողմը, իսկ վերջում արդեն հաջողության է հասել տարեց-տարի թափ հավաքով ամերիկացի գրոյսմայստերը: Այդ պարտիաների մեծ մասը համարվում են շախմատի ուսուցման ձեռնարկ: