Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia - kazakhstan
A A
Սպորտ

Այսօր 100 խաղատախտակի վրա կկայանա Ղազախստան - Հայաստան շախմատային մրցամարտ

Երևանի շախմատի ֆեդերացիան Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի հետ համատեղ այսօր կանցկացնի Ղազախստան - Հայաստան կայծակնային շախմատի ինտերնետային մրցամարտ 100 խաղատախտակի վրա: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցամարտն անցկացվելու է lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ կխաղա 4 պարտիա: Ժամակարգը՝ 3-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 1 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:

Առաջին խաղափուլը սկսելու է ժամը 17։00-ին, այնուհետև 17։15-ին, 17։30-ին և 17։45-ին։ Սակայն եթե զույգերը ցանկանան, կարող են մարտահրավեր նետել անմիջապես խաղն ավարտելուց հետո։ Ըստ պայմանավորվածության, առաջին և երրորդ խաղափուլերում սպիտակներով կխաղա Ղազախստանի հավաքականը։

Մրցամարտի մասնակիցների անուններն արդեն հայտնի են։ Հայաստանի թիմը գլխավորում է Կարեն Գրիգորյանը: Նրան հաջորդում են գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը: Կանանցից հանդես կգան մեր հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

Ղազախստանի թիմում ընդգրկված են երեք գրոսմայստեր՝ Մուրտաս Կաժգալեևը, Ռուստամ Խոսնունդինովը և Նուրլան Իբրաևը: Մրցակցի գլխավոր աստղը հենց միջազգային վարպետ Ժանսայա Աբդումալիկն է, որը գլխավորում է ՖԻԴԵ-ի մինչև 18 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակը:

Հիշեցնենք, որ մրցամարտը նվիրված է ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, վաղամեռիկ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին, որը վերջին մեկ տարում աշխատում էր Ղազախստանում: