«Ասեցի՝ միացրեք, մութ տեղը չմնամ, չմիացրեցին»․ վարչապետը զանգահարել է էլեկտրաէներգիայից զրկված քաղաքացիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր զանգահարել է էլեկտրաէներգիայի վարձավճարը չվճարելու հետեւանքով հոսանքից զրկված քաղաքացիներին։
Նրա խոսքով՝ զանգահարելու նպատակն է հասկանալ՝ ովքեր ունեն սոցիալական ծանր խնդիր և օգնել, քանի որ տրամադրված աջակցությունը միշտ չէ, որ հասցեական է լինում: Մինչդեռ աջակցության ծրագրերում ամենակարևորը հասցեականությունն է:
Վարչապետի հետ հեռախոսազրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ արդեն 5 օր է՝ հոսանքը անջատված է:
«Թոշակառու եմ, 83 տարեկան սկեսրայր ունեմ, և ամուսինս վիրահատված է: Ասում են՝ մինչև չվճարեք, չենք միացնի էլեկտրաէներգիան: Պարտքը 50 հազար էր, 40 հազար մուծել եմ, ասեցի՝ միացրեք, մութ տեղը չմնամ, մինչև թոշակը ստանամ, վճարեմ, չմիացրեցին»:
Վարչապետը հետաքրքվեց՝ իսկ ընտանիքում աշխատո՞ղ կա։ Քաղաքացին պատասխանեց, որ ընտանիքում միայն ինքն է աշխատում՝ տան մաքրուհի է, իսկ երկու տղաներից մեկը շինարարություն է անում:
Վարչապետը հարցրեց՝ եթե այս ամսվա 50 հազար պարտքը մարվի, մյուս ամիս ի՞նչ կլինի:
Կինը պատասխանեց, որ մյուս ամիս աշխատում է, մինչև տեսնի, ինչ կարող է անել: Վարչապետը վստահեցրեց, որ կասի՝ իր ֆոնդից հոսանքի գումարը կտան:
Մեկ այլ քաղաքացի էլ, ում հոսանքը անջատված է, նշեց, որ 30 հազար վճարել է բայց պարտքը մեծ է, չեն միացրել: Կինը նշեց, որ տղան կառավարությունից 300 հազար դրամ աջակցություն է ստացել:
Վարչապետը հարցրեց՝ կառավարությունից 300 000 ստացել եք, ինչի՞ չեք վճարել պարտքը:Պարտքեր ենք ունեցել, միայն 30 հազար ենք կարողացել մուծել, պարզաբանեց կինը:
«Ուրախացա, որ օգնություն եք ստացել»,- նշեց վարչապետը:
Մեկ այլ քաղաքացուց հետաքրքրվեց՝ արդյոք հոսանքն անջատված չէ՞։ Վերջինս նշեց, որ անջատված չի, բայց զգուշացում եղել է: Ներկա պահին հեռավար աշխատում է, բայց գործատուն շարունակում է վճարել: Քաղաքացին նշեց նաև, որ կնոջը տվել են հարկադիր արձակուրդ և հետո պայմանագիրը չեն շարունակելու:
Մեկ այլ քաղաքացուհի զրույցի ժամանակ ասաց, որ հոսանքն անջատված է, որ ամուսինը մահացած է, ունի 3 տարեկան երեխա: Աշխատում է պատկերասրահում և ստանում է 67 հազար դրամ աշխատավարձ, հոսանքի պարտքը կազմում է 90 706 դրամ: Կինը նշեց, որ փետրվար և մարտ ամսին չի կարողացել աշխատել:
Վարչապետը նշեց՝ տվյալները նշել է և կհետաքրքրվի իրենցով: