Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Արսեն Եղիազարյանի հիշատակին կանցկացվի Հայաստան - Ղազախստան շախմատային հանդիպում

Մայիսի 2-ին շախմատի 100 խաղատախտակի վրա կանցկացվի շախմատի կայծակնային խաղի առցանց Հայաստան - Ղազախստան մրցամարտ: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Մրցամարտը կնվիրվի ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին, որ ապրիլի 20-ին Ղազախստանում, 49 տարեկան հասակում, հանկարծամահ էր եղել:

Մրցամարտը կազմակերպում են Երևանի շախմատի ֆեդերացիան ու Ալմաթիի Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիան, որտեղ վերջին մեկ տարում աշխատում էր փորձառու մասնագետը:

Մրցամարտն անցկացվելու է lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ կխաղա 4 պարտիա: Թիմերի կազմերը համալրելու են նշանավոր շախմատիստներ, պատգամավորներ և 8-ից մինչև 18 տարեկան պատանիներ ու աղջիկներ։ Մանսավորապես՝ Հայաստանից հանդես են գալու ճանաչված շախմատիստներ Էլինա Դանիելյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը և ուրիշներ:

Նախատեսված է առաջին խաղափուլը սկսել ժամը 17։00-ին, այնուհետև 17։15-ին, 17։30-ին և 17։45-ին։ Ըստ պայմանավորվածության՝ առաջին և երրորդ խաղափուլերում սպիտակներով կխաղա Ղազախստանի հավաքականը։ Թիմերի վերջնական կազմերը հայտնի կդառնան մայիսի 2-ին, ժամը 12:00-ին: