Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess virtual (3)
A A
Սպորտ

Magnus Carlsen Invitational. Կարուանան ու Նակամուրան կրկին հավասարվեցին առաջատար Կառլսենին

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցնանց մրցաշարում դարձյալ եռիշխանություն է հաստատվել:

Այսօր կայանած 6-րդ տուրի վերջին հանդիպումներում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 2,5:1,5 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան լրացուցիչ պարտիայում պարտության մատնեց չինացի Դին Լիժենին՝ 3:2:

Այդպիսով, վեց տուրից հետո 13-ական միավորով աղյուսակը գլխավորում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և ամերիկացի երկու շախմատիստները: Դին Լիժենը 12 միավորով եզրափակում է առաջատար քառյակը, որն էլ կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում:

Իսկ ահա 5-8-րդ տեղերը զբաղեցնող Յան Նեպոմնյաշչին, Ալիռեզա Ֆիրուջան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Անիշ Գիրին վերջին տուրից առաջ դուրս մնացին փլեյ-օֆֆից: Նրանց մնում է պայքարել միայն դրամական պարգևավճարի համար (5-րդ տեղը կստանա 22 հազար, իսկ 8-րդը՝ 15 հազար դոլար):

Վաղը նախատեսված վերջին՝ 7-րդ տուրում, կկայանան բոլոր չորս հանդիպումները: Մագնուս Կառլսենը կհանդիպի Դին Լիժենի հետ: Հիկարու Նակամուրան կմրցի Մասքիմ Վաշյե Լագրավի, իսկ Ֆաբիանո Կարուանան՝ Անիշ Գիրիի հետ: Յան Նեպոմնյաշչին կխաղա Ալիռեզա Ֆիրուջայի հետ: