Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bekenbauer
A A
Սպորտ

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստն ազատվել է դատական հետապնդումից

Շվեյցարական դատարանը առանց դատավճռի կարճել է գերմանացի հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեկենբաուերի դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Դատավարությունն առաջին անգամ հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, իսկ այս շաբաթվանից այն ընդհանրապես կարճվել է, քանի որ լրացել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան իր հիասթափությունն է հայտնել կապված շվեյցարական դատարանի նման որոշման հետ, սակայն, պարզվում է, այդ երկրում կաշառակերության հետ կապված գործերի քննության առավելագույն ժամկետը 15 տարի է:

 

Նշենք, որ 2015 թվականին գերմանական Bild թերթը Ֆրանց Բեկենբաուերին մեղադրել էր կաշառք տալու և ձայներ գնելու մեջ: Ըստ աղբյուրի, ֆուտբոլի նախկին լեգենդը 2005 թվականին 8,4 միլիոն ֆրանկ կաշառք էր տվել ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյա Մոհամեդ բին Համամին, որը 2006թ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության ժամանակ քվեարկել էր Գերմանիայի օգտին: Այդպիսով, կաշառք տալու օրից արդեն անցել է 15 տարին:

 

Ֆրանց Բեկենբաուերը միշտ հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ ինքն ոչ մեկին կաշառք չի տվել, և ոչ էլ վերցրել է: