Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

 

Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ 

 

Տարեսկիզբը նշանավորվեց Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ մեր կառավարությունը  պատրաստակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշահավետ գործակցությունը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

 

Վստահ եմ, որ դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

 

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարեկեցություն»։