Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գործադիրն առաջարկում է հստակեցնել պարետի և պարետատան դերն ու կարգավիճակը (տեսանյութ)

Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծի քննարկումները Ազգային ժողովը կշարունակի վաղը: 

Այժմ Ազգային ժողովը քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Խորհրդարանում  հարցը զեկուցեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Գործադիրն առաջարկում է հստակեցնել պարետի և պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը:

«Նախագծով սահմանվել է, որ իր լիազորությունների կատարման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում՝ նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր»:

Պատգամավորների առաջարկությամբ որոշվել է, որ պարետատունը պետք է ստեղծվի կառավարության որոշման հիման վրա:

Գործող սահմանափակումների ներքո հստակեցվել են որոշ միջոցառումներ: Օրինակ՝ ուսումնական գործընթացի կազմակերպման  և իրականացման սահմանափակումը,  տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղևորների քանակի նորմավորումը և այլն:

Համաճարակի կանխման նպատակով սահմանվել է նաև անձի անձնական ազատության սահմանափակման հնարավորություն: 

Իր ազատության սահմանփակման մասին անձը իրավունք ունի տեղեկացված լինելու: Անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրությամբ:

Եթե տվյալ պահին հնարավոր չէ գրավոր ակտ ընդունել, երբ հնարավոր չէ, կսահմանվի բանավոր, որին կհաջորդի գրավոր ամրագրումը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այս փաթեթով օրինականացվո՞ւմ են պարետի՝ մինչ այս կայացրած որոշումները:  Մարուքյանը նաև նշեց, պարետը փաստորեն չուներ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, բայց այդ սահմանափակումների հիման վրա 10 հազարից ավելի մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել, արդյոք այդ տուգանքները չպիտի՞ չեղարկվեն, որովհետև իրավական հենքը նոր է ստեղծվում: 

Փոխնախարարը ասաց, որ ոչ իրավաչափ որոշումներ չեն ընդունվել, Սահմանադրությունը և միջազգային փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն, այս նախագիծը միայն հստակեցնում է պարետի գործառույթները:

Ինչ վերաբերում է ազատ տեղաշարժի խախտման հիմքով վարչական արձանագրություններին, փոխնախարարն ասաց, որ ազատ տեղաշարժի սահմանափակումը ամրագրված է կառավարության որոշմամբ: