Ակտիվիստ Հայկ Բարսեղյանն առավոտյան բերման է ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինSOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին՝ վարչական իրավախախտում կատարելու համար։
Այս մասին «Ա1+»-ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3. հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը։
«Կազմվել է համապատասխան արձանագրություն ու ազատ է արձակվել»,- հավելեց պարոն Գաբրիելյանը։
Նշենք, որ Հայկ Բարսեղյանը գիշերը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր նախորդ օրը Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացրած Միքայել Մարգարյանին և նրա երկու երեխաներին բերման ենթարկելուն։
Հայկ Բարսեղյանն այսօր ժամը 12-ին պատրաստվում էր ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կոչ էր արել, որ ցանկացողները կարող են իրեն միանալ։
«Ու թող հլը փորձեն ինչ-որ մեկին ձերբակալեն»,- ասել էր Հայկ Բարսեղյանը։