Ակցիա անող բազմանդամ ընտանիքի հորը ոստիկանությունը ազատ է արձակել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացի Միքայել Մարգարյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում կեսօրին տեղեկացնում էր, որ իր հոսանքը անջատել են և եթե մեկ ժամվա ընթացքում չմիացնեն, ապա ինքը բողոքի ակցիա կանի Կառավարություն դիմաց։
Հոսանքը չմիացվեց և Միքայել Մարգարյանը, ինչպես և խոստացել էր, Կառավարության դիմաց ակցիա անցկացրեց։ Ոստիկանները ամեն կերպ արգելել են նրան, պահանջելով նաև դադարեցնել ակցիայի նկարահանումը, որից հետո ձեռնաշղթա են հագցրել և տարել ոստիկանության բաժանմունք:
«Ա1+»-ը կապ հաստատեց Միքայել Մարգարյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ երեք ժամ մնացել է ոստիկանության բաժանմունքում, կազմվել է արձանագրություն, որից հետո ազատ է արձակվել:
«Ունենք մեծ ընտանիք՝ 8 հոգով ենք ապրում, 5 երեխաներս, կինս և տարեց մայրս: Բնականաբար, մեր փետրվար ամսվա էլեկտրաէներգիայի գոմարը գերազանցել է 100000 դրամը և հիմա գումարվել է նաև մարտ ամսվանը 150000 դրամ: Կառավարության շենք ներկայացել եմ մենակ, երեխաները եղել են մեքենայում։ Մտել եմ լայվ՝ կոչ անելով, թե՝ ով ունի այս խնդիրը, գան Կառավարությանը տեղեկացնեն: Ոստիկանները մոտեցան, ասացին ակցիա իրականացնելը անթույլատրելի է: Ասեցին անջատի ուղիղ հեռարձակումը։ Այդ պահին կառավարության դիմաց տեսա պատգամավոր Սասուն Միքայելյանին, նրան դիմեցի, սակայն նա արհամարհեց և նրա ներկայությամբ ոստիկանները տապալեցին ինձ գետնին և ձեռնաշղթաներ հագցրեցին: Երեխաներս մեքենայի միջից դա տեսնելով եկան ինձ օգնության: Տապալեցին նաև երկու տղա երեխաներիս և բերման ենթարկեցին, նրանցից մեկը անչափահաս է: Արձանագրել են, որ բողոքի ակցիա ենք իրականացրել: Նշել են, որ երեխաներն էլ են ակցիային մասնակցել, ինչը բացահայտ սուտ է: Արձանագրել են, որ չենք ենթարկվել պարետի ՝ակցիա չիրականացնելու հրամանին:
Միքայել Մարգարյանը նաև նշեց՝ խնդրել է, որ իրենց հանրային պաշտպան հատկացնեն կամ մարդու իրավունքների պաշտպանին զանգեն, սակայն ոստիկանությունն ասել է, որ դա իրենց խնդիրը չէ, և իրենք պետք է այդ հարցով զբաղվեն:
Միքայել Մարգարյանը նաև նշեց, որ իրենց տունը շարունակում է հոսանքազրկված մնալ և երեխաները զրկված են դաս անելու հնարավորությունից: