Թուրքիայի տնտեսությունը ծանր իրավիճակում է հայտնվելու. թուրքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում իրավիճակը դարձել է վերահսկելի: Այս մասին «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայում այս պահին արձանագրված է 110 հազար վարակման դեպք և 2800-ից ավելի մահ, ինչը Թուրքիան վերածել էր աշխարհում ամենաբարձր մահվան ցուցանիշ ունեցող երկրի:
Գեղամյանը նաև հավելեց, որ հանգստյան օրերի համար տեղաշարժման սահմանափակումները Թուրքիայում խանութների մոտ առաջացրին բավականին մեծ հերթեր, նույնիսկ մարդիկ իրար ծեծում էին հերթերում, ինչը բերեց նաև ներքին քաղաքական լարվածության, քննադատությունների տարափի տակ Ներքին գործերի նախարարը հրաժարական տվեց, ինչը չընդունվեց:
«Այժմ թուրքական իշխանությունների կողմից կիրառվում է բացառապես նահանգ առ նահանգ տեղաշարժման սահմանափակումների մեխանիզմը, երբեմն միաժամանակ փակվում է 30-35 նահանգ, շարունակվում է կիրառվել շաբաթ-կիրակի օրերին ամբողջ երկրով տեղաշարժի սահմանափակման մեխանիզմը, ինչը ավելի արդյունավետ է»:
Տուրիզմի ոլորտը, ինչից ամենաշատն էր կախված Թուրքիայի տնտեսությունը՝ մեծապես տուժեց, ընդգծում է թուրքագետն ու հավելում, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում ինչ-որ չափով տուրիզմը խթանելու համար.
«Համաձայն Էրդողանի ներկայացրած ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է, որ Ռամադանի վերջին շաբաթվա ընթացքում ամենայն հավանականությամբ կլինի նախկինում գործած սահմանափակումների վերացում, կբացվեն ռեստորանները, հյուրանոցները և մեծ առևտարային կենտրոնները, սակայն պետք է գործեն հստակ կանոններով»:
Գեղամյանը տեղեկացրեց, որ Թուրքիայում ստեղծվելու են նաև կորնավիրուսից զերծ գոտիներ, ծովափնյա շրջաններ, այս հատվածներում խրախուսվելու է տուրիզմը՝ երաշխավորելով, որ այդտեղ կորոնավիրոսի որևէ դեպք չկա:
Նրա խոսքով Թուրքիայում աճել է նաև գործազրկությունը, մեծացել է հանցագործությունների թիվը:
Երկիրը մայիսի կեսերից փուլառփուլ կվերացնի տնտեսական գործունեության սահմանափակումները, բայց տնտեսությունը էական վնասներ է կրել և ծանր իրավիճակում է հայտնվելու, -պնդում է Գեղամյանը: