Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շարունակում է չլուծված մնալ բերման ենթարկելու մեխանիզմը հավաքների ժամանակ․ ՄԻՊ (տեսանյութ)

ԱԺ Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հացերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացնում է 2019 թ․-ի ընթացքում «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների ևազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

2019թ․-ին բողոքների քանակը ՄԻՊ-ի գրասենյակում աճել է։ Եթե նախորդ տարիներին այն 5000-ից մի փոքր ավելի էր, ապա 2019-ին՝ 13 140 է։

«Ընդ որում՝ սրա մեջ չեն մտնում այցերը փակ հաստատություններ, որոնք առանձին դեպքերում նախորդ տարիների համեմատությմամբ 10 անգամ աճել են։ Այս ծանրաբեռնվածությունը չի ներառում մշտադիտարկումը, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումները, հատուկ կարծիքները ՍԴ ներկայացվող, օրենսդրական ակտերի փորձաքննությունները, սեփական նախաձեռնությամբ նախագծերի մշակումը, իրավական կրթությունը և վերապատրաստումները»,- ասաց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը ենթադրում է, որ 2020թ․-ին թիվն աճելու է՝ նաև պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով։ Արման Թաթոյանը հպարտությամբ է նշում, որ 2019թ․-ը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար առանձնացել է ձեռքբերումներով։

«Մենք այսօր մասնակցում ենք մարդու իրավունքների ոլորտում միջազգային լավագույն փորձի ձևավորմանը, ինքներս ենք համարվում օրինակելի՝ միջազգային փորձի տեսնակյունից։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող միջազգային անկախ հանձնախումբը 2019թ․-ին վերջնականապես վերահաստատեց ՀՀ ՄԻՊ-ի միջազգային կարգավիճակը։ Պետք է նշեմ, որ հանձնախմբի հրապարակված դիրքորոշման մեջ հատուկ նշում է արվում, որ ՀՀ ՄԻՊ-ի գործունեության կարևորագույն ձեռքբերումներից է՝ օբյեկտիվ հրապարակային դիրքորոշումները զգայուն հարցերի վերաբերյալ»,- նշեց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ՝ ակտիվացել է գրասենյակի ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Արման Թաթոյանը խոսեց նաև լրագրողների, փաստաբանների աշխատանքի հետ առնչվող խնդիրների մասին։

«Օրինակ՝ լրագրողի աշխատանքի հետ կապված կա կարծրատիպ, թե լրագրողը խոչընդոտում է ինչ-որ մարմնի աշխատանք։ Դա ընդամենը կարծրատիպ է, պետք է լրագրողի հետ ճիշտ աշխատելու սկզբունք որդեգրել և ելնել այն կանխավարկածից, որ լրագրողը օգնում է աշխատանքին» ,- ասաց ՄԻՊ-ը։

Ինչ վերաբերում է փաստաբանի աշխատանքին, ապա հաճախ նրանք նույնացվում են վստահորդների հետ և խնդիրներ են առաջանում։ ՄԻՊ-ը ցավով է նշում, որ Հայաստանում հավաքների ժամանակ շարունակում է չլուծված մնալ բերման ենթարկելու մեխանիզմը․

«Մենք այդպես էլ չունենք հստակ կիրառությունը, թե ի՞նչն է ազատությունից զրկելը։ Մենք պետք է իմանանք, երբ որ ոստիկանը մոտենում է մարդուն, պետք է սպառիչ ներկայացվի, կոնկրետ ասի՝ թե ինչի համար է ազատությունից զրկում։ Մենք պրակտիկայում դեպքեր ունենք, երբ հրապարակային հայտարարության վրա է հղում արվում, դա սխալ է։ Ազատությունից զրկելը միշտ կոնկրետ է»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում նաև նախաքննության ծանրության թեթևացումը։ Արման Թաթոյանը կարծում է, որ նախաքննության ժամանակ ռսիկը մեծ է, որ մարդու իրավունքները կխախտվեն։

«Դրա համար ես կարծում եմ ծանրությունը պետք է տեղափոխել դատական փուլեր»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։