Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Magnus Carlsen Invitational. Դին Լիժենը արմագեդոնում հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

Magnus Carlsen Invitational շախմատի առցանց սուպերմրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Ռուսաստանցի Յան Նեպոմյաշչին 2,5:1,5 հաշվով հաղթեց նիդերլանդցի Անիշ Գիրիին և իր միավորների քանակն ավելացրեց երեքով:

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու չինացի Դին Լիժենն արագ շախմատի չորս պարտիաներից հետո այդպես էլ չորոշեցին հաղթողին՝ 2:2: Արմագեդոնում առավելության հասավ Ասիան ներկայացնող շախմատիստը, որը արժանացավ 2 միավորի, իսկ ահա պարտություն կրած եվրոպացի գրոսմայստերը բավարարվեց մեկով:

Այդպիսով, կայացած 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Երկրորդ տեղում ամերիկացի Հիկարու Նակամուրան է՝ 7 միավոր: Դին Լիժենն այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր և մեկով առաջ անցավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից, Մաքսիմ Վաշյե-Լագրավից և Յան Նեպոմյաշչիից: Անիշ Գիրին ու իրանցի Ալիռեզա Ֆիրուջան առայժմ միավոր չեն վաստակել:

Վաղը կկայանան 4-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենը կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Ալիռեզա Ֆիրուջայի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է: