Կստանա՞ն փոխհատուցում մանկապարտեզների հաստիքացուցակում չերեւացող աշխատողները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄանկապարտեզի այն աշխատակիցները, որոնց աշխատավարձերը գոյացել է երեխաների վարձավճարներից, ահազանգում են՝ աշխատանքային պայմանագրերը չեն խզվել, և նրանք չեն կարողանում օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից։
Քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է օժանդակել այս աշխատակիցներին։
«Այն աշխատակիցները, որոնք Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել և քաղաքապետարանի ենթակայության գործող մանկապարտեզների երեխաների ծնողները ընտրովի օգտվել են այդ ծառայություններից, ցավոք, չեն կարողացել քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում իրենք չկան»,- ի պատասխան հարցի ասաց փոխքաղաքապետը Տիգրան Վիրաբյանը։
Տիգրան Վիրաբյանը հավելեց, որ հարցը քննարկվում է Կառավարությունում, իրենք փոխանցել են բոլոր աշխատակիցների անուն, ազգանունները, և գործադիրը քննարկում է, թե ի՞նչ ձևաչափով կարող են աջակցել այդ աշխատակիցներին։
«Մոտ օրերս հավանաբար լուծում կգտնվի»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։
Փոխքաղաքապետից հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ է նա զեկուցել քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նա Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ է ճանաչել։
Ի պատասխան Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց այն ընթացակարգը, որով անցել է տնօրենի մրցույթը։ Նա ընդգծեց, որ իր և քաղաքապետի միջև զրույցը ընտրության պրոցեսի խնդիրների մասին չի եղել։ Ըստ նրա՝ խոսքը մրցույթի հայտարարման կարգի վերաբերյալ թերությունների մասին է միայն, և նոր մրցույթ պետք է հայտարարվի։
Հիշեցնենք, որ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 6-ին։ Հաղթող էր ճանաչվել նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Հայտարարվել է նոր մրցույթ։