Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը` փուլ առ փուլ տարբերակի հիման վրա».Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հիմնախնդրի կարագավորմանը։

«Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին, այսպես կոչված՝ Կազանյան փաստաթուղթ, կան ծրագրեր, որոնց մասին մեկ տարի առաջ՝ անցյալ տարվա ապրիլին, Մոսկվայում համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ տարածվել են, և դրանք հիմա ակտիվորեն քննարկվում են։ Այդ փաստաթղթերը ենթադրում են զարգացում դեպի կարգավորումը՝ փուլ առ փուլ մոտեցման հիման վրա»,- նշեց ՌԴ ԱԳ գերատեսչության ղեկավարը՝ անդրադառնալով բանակցություններին։

Լավրովը նշեց, որ առաջին փուլը վերաբերում է Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանների ազատմանը, տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ 

ՌԴ արտգործնանախարարը վստահություն հայտնեց, որ երբ այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը գան, դա կարևորագույն քայլը կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորրհրդի բանաձևերի կատարման հարցում։ 

«Որով, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել պայմանավորվել։ Ահա հիմա սկսել են պայմանավորվել, պետք է հիմա պայմանավորվածության գան։ Հենց դրան ենք մենք ձգտում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը։

 Անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին՝ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ երբ գինը, որ հիմա կա Հայաստանի և Բելառուսի համար, 2-3 անգամ ցածր է եղել շուկայականից, դա ընկալվել է որպես պարգև, և ոչ ոք չի խոսել նրա մասին, որ դա քաղաքականություն է։

«Բոլորն ասում են, որ այդպես պետք է լինի։ Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություն, այստեղ որևէ կասկած ինձ մոտ չի առաջանում։ Բայց երբ գինը գնաց այնտեղ, որտեղ այն հիմա է, «կան ինչ-որ պայմանագրային պարտավորություններ»։ Ես համոզված եմ, որ մեր հայ ընկերների, բելառուս ընկերների դիմումների քննարկման ընթացքում հաշվի կառնվեն դաշնակցային հարաբերությունները, բայց երևի սխալ է դրա մասին հիշել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը տրամագծորեն հակառակն է նրան, որ եղել է 3-4 տարի առաջ»,- նշեց նա։

Այս հարցում խնդիրներից մեկը, ըստ Լավրովի, Հայաստանի ներքին սակագներն են, որոնք խագարում են գնագոյացման հարցում մաքսիմալ արտոնյալ մոտեցումներին։

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է արտացոլվեն նաև բոլոր ոլորտներում։ «Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք շատ ենք ակնկալում, որ այն դատական գործընթացները, որոնք սկսվել են վերջին մի քանի տարին Հայաստանում՝ միասնական ձեռնակարկությունների հետ կապված, մասնավորապես Հարավկովկասյան երկաթուղու, կկարգավորվեն առանց այնտեղ այնպիսի բաներ բերելու, որոնք չեն համընկնում դաշնակցային հարաբերությունների հետ»,- մանրամասնեց Սերգեյ Լավրովը։

Եզրափակելով՝ նախարարն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին։ «Նրանք տեսնում են մեր ռազմավարական գործընկերության միության զարգացման ճանապարհները։ Հավաստիացնում եմ ձեզ, որ հենց այդ հունի մեջ են որոշվելու երկու կողմերի հարցերը»,- ամփոփեց նա։