«Կոտորվեցի ես, ինչքա՞ն դեղ առնեմ, հացը պարտքով վերցնեմ»
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան պատերազմի մասնակից, առաջին խմբի հաշմանդամ Հարություն Թովմասյանը դիմել է «Ա1+»-ի խմբագրություն՝ իր և սոցիալական ծանր իրավիճակում գտնվող իր նման այլ բնակիչների նկատմամբ ուշադրություն գրավելու համար։ Հարություն Թովմասյանն ապրում է Ներքին Շենգավիթում՝ թոշակառու մոր և եղբոր ընտանիքի հետ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ էժան դեղերը ստանում է պոլիկլինիկայից, բայց թանկարժեք դեղերը պետպատվերի մեջ չեն ներառվում։ Իր հաշվին է ձեռք բերում, իսկ կենցաղային կարիքներն էլ հոգալու համար թոշակը չի բավականացնում։
«Կոտորվեցի ես, ինչքա՞ն դեղ առնեմ, հացը պարտքով վերցնեմ։ Շատ ահավոր պայմաններում եմ ապրում։ Հանրակացարանում ենք ապրում, եթե գաք, տեսնեք իմ պայմանները, թե ինչ փլուզված պայմաններում եմ ապրում։ Շատ բաներ կան, որ պետք է սարքվեն, բայց ես ի զորու չեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում կիսվեց նա։
Տասից ավելի տարիներ չքայլելուց հետո և բարդ վիրահատությունների ենթարկվելուց հետո, վերջին տարիներին պարոն Թովմասյանը սկսել է քայլել։
«Էնքան որ մինչև բակ եմ գնում, երկար չեմ կարողանում քայլել, պրոթեզների վրա եմ։ Տրանսպորտից չեմ օգտվում, եթե մի տեղ էլ գնում եմ, միշտ տաքսիներից եմ օգտվում, դա էլ թոշակով ապրողի համար թանկ հաճույք է»,- ասաց նա։ Մի կողմից կենցաղային խնդիրները, մյուս կողմից էլ՝ վարկերը։ Սկզբում կարողանում էր մարել, բայց հետո սև ցուցակում հայտնվեց։ Անգամ մինչև հարկադիր հասավ, բայց ներկայացնելով իրավիճակը՝ կիսով չափ ընդառաջել են՝ արգելանքը հանել են, բայց թոշակի կեսը պահում են։ Տարեկան երկու անգամ՝ պետպատվերի շրջանակում Հարություն Թովմասյանը բուժում է ստանում։ Այս շրջանում չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից։
«Մեռանք զանգելով, ասում են՝ չե՞ք տեսնում վիրուսներ են, հիվանդանոցները լեփ-լեցուն են, ինքդ քո գլխի ճարը տես։ Ինչքա՞ն տեսնեմ։ Մի շարք խնդիրեներ ունեմ, միայն հիվանդանոցում են կարողանում ինձ կարգի բերել»,- ասաց նա։
Պարոն Թովմասյանն ուշադիր հետևում է Կառավարության կողմից Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին, սակայն դրանցից ոչ մեկի պահանջներին չի համապատասխանում։
«Ես էլ չգիտեմ, Կառավարությունը ո՞ր մեկն անի»,- ասաց նա, բայց և հավելեց՝ ակնկալում է, որ ձեռք կմեկնեն՝ այդ վիճակից դուրս գալու համար։ Թովմասյանը նկատում է, եթե Կառավարությունը չի կարողանում բոլորին օգնել, գոնե բարերարները որոշ չափով իրեն աջակցեն՝ թեկուզ տունը նորոգեն, կամ էլ բուժման հարցը լուծեն։ Նշում է հասցեն՝ Շահամիր Շահամիրյանների 9-րդ փողոց, առաջին շենք, 70 բնակարան։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնից «Ա1+»-ին փոխանցեցին, որ Հարություն Թովմասյանը «Փարոսում» ընդգրկված չէ, բայց հնարավորության պարագայում վարչական շրջանի ծրագրերում ընդգրկվում է։
«Մենք բազմիցս ասել ենք, եթե պետք է բնակվեն այդ հասցեում, պետք է ընտանիքը հաշվառված լինի այդ հասցեում, որպեսզի կարողանան նաև հաշվառվել սոցիալական աջակցության տարածքային բաժնում, եթե միավորը բավարարի կամ նպաստ, կամ էլ տարվա ընթացքում հրատապ օգնություն ստանան։ Դա չի եղել, դրա համար էլ այսօր իրենք «Փարոսում» չկան։ Որպես Արցախյան պատերազմի մասնակից, առաջին խմբի հաշմանդամություն ունեցող՝ Հարություն Թովմասյանը մեր ծրագրերից օգտվել է, ինչի հնարավորությունը եղել է»,- ասաց բաժնի պետ Գայանե Ստեփանյանը՝ հավելելով, որ վերջին օրերին սննդամթերքի փաթեթ են ուղարկել նրան։ Ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, Գայանե Ստեփանյանն ասաց, որ կապ կհաստատի նրա հետ, եթե հիվանդանոցային բուժօգնության հրատապ կարիք ունենա, հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն։