Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Տնտեսություն

Կառավարությունն ի՞նչ գնով է ձեռք բերել կորոնավիրուսը հայտնաբերող PCR թեստերը կամ շնչառական ապարատները

Նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, ինչպես նաև վիրուսով վարակված անձանց բուժելու համար կառավարությունը խոշոր գումարի բժշկական պարագաներ է ձեռք բերել: Կառավարության կայքում տեղադրված պայմանագրերից տեղեկանում ենք, որ դրանցից ամենախոշորներտը ձեռք են բերվել կրոնավիրուսի ծագման երկիր համարվող Չինաստանից:

Խոսքը այս դեպքում վերաբերում է ինչպես վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ ամենատարրական միջոցներին`բժշկական դիմակներին, այդպես էլ ՊՍՌ տեստերին ու թոքերի արհեստական օդափոխության ապարատներին: Եվ այդ բաց աղբյուրների համաձայն` վարչապետի աշխատակազմը մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ը Չինաստանից կատարել է 7 խոշոր գնում:

Առաջին գնումը կատարվել է մարտի 27-ին, որն արժեցել է 618 մլն 628 հազար դրամ: Ըստ պայմանագրի ձեռք է բերվել 30.000 հատ PCR թեստեր, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 12,30 դոլար `ընդհանուր 369 հազար դոլար: Այդ նույն գումարի սահմաններում Չինաստանից ձեռք է բերվել թոքերի արհեստական օդափոխության 100 հատ ապարատներ /SEPRAY  ST-30H NON INVASIVE VENTILATOR/, որոնցից յուրաքանչյուրն արժի 12.289 դոլար կամ բոլորը միասին 1մլն 228 հազար 900 դոլար:

Մեկ օր անց` մարտի 28-ին վարչապետի աշխատակազմը Չինաստանից կատարել է երկրորդ խոշոր գնումը, որն արժեցել է 185 մլն 754 հազար դրամ: Այս գումարով կրկին ձեռք է բերվել 30.000 հատ PCR թեստեր: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել էր, որ ձեռք են բերել մոտ 70 հազար թեստեր և որ օրական ստուգումների քանակը պետք է հասցնել 1000-ի:

Մարտի 31-ին նորից Չինաստանից 288 մլն 150 հազար դրամ արժեցող պայմանագրով գնվել է պաշտպանիչ դիմակներ, հագուստ և ակնոցներ:  61 մլն 200 հազար դրամ արժեցող մեկայլ պայմանագրով կրկին դիմակներ են ձեռք բերվել`100.000 հատ յուրաքանչյուրը 1,2 դոլար արժողությամբ:

Ապրիլի սկզբին վարչապետի աշխատակազմը ևս երկու խոշոր պայմանագրերով` 175 մլն 296 հազար և 128 մլն 665 հազար դրամ արժողությամբ բժշկական պարագաներ է ձեռք բերել: Այսպիսով այս վեց պայմանագրերով կառավարությունը ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Չինաստանից գնել է 1մլրդ 457 մլն դրամի կամ մոտ  30 մլն դոլարի թեստեր, շնչառական ապարատներ, պաշտպանիչ դիմակներ, ակնոցներ և արտահագուստ: Դեռ հրապարակված չեն, թե ապրիլի առաջին օրերից հետո նման էլ ինչ խոշոր գնումներ է արել: Բայց սա դեռ համաճարակի առաջին ամիսն էր: Եվ պարզ չէ, թե կորոնավիրուսի համաճարակը որքան կտևի, վարչապետի աշխատակազմը դեռ որքան նոր թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ակնոցներ և արտահագուստ ձեռք կբերի կամ արդյոք ձեռք կբերի: