Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sequence-18.00_00_56_00.Still013
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Չեմ կարծում՝ այս իշխանությունները ցանկություն ունեն ինչ-որ փոփոխություններ անել․ Նինա Կարապետյանց

Երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իշխանության հասցեին հնչող այն քննադատություններին, թե իրենց գործելաոճը չափազանց թավշյա է։ Վարչապետն ասաց՝ թավշյա է, որովհետև այդպես են պայմանավորվել ժողովրդի հետ:

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ «Ա1+»-ը զրուցել է իշխանության գործելաոճի, վարչապետի հայտարարությունների մասին:

_Տիկի՛ն Կարապետյանց, Դուք պարբերաբար այս իշխանությանը մեղադրում եք թավշա գործելակերպ որդեգրելու մեջ, վարչապետը ուղիղ եթերում անդրադարձավ իրենց մոտեցմանը, Ձեզ համոզե՞ցին նրա բերած փաստարկները:

-Բոլորովին համոզիչ չէր: Պայմանավորվածությունը չէր  վերաբերում հետագայի գործողություններին: Չէր վերաբերվում հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն, չէր վերաբերում համակարգերը բարեփոխելուն, վեթինգին, Սահմանդրությունը ամբողջությամբ փոխելուն, Ընտրական օրենսգիրքը ամբողջությամբ փոխելուն,  ենթադրում էր, որ այդ պահին ժողովուրդը բռնության չի դիմում, և ընդունելի տարբերակ էր բոլորի համար: Այսօր իշխանությունները թաքնվում են ժողովրդի հետ պայմանավորվածության հետևում:

_Վարչապետը նաև հայտարարեց, թե  կան մարդիկ, ովքեր չարաշահել են թավիշը և պետք է դուրս շպրտվեն պետական կառավարման համակարգից:  Ըստ Ձեզ՝ առաջիկայում խոշոր պաշտոնանկությունների սպասե՞լ, թե՞ ոչ:

_Քանի որ հայտարարվեց, որ թավիշը մնում է, ես կարծում եմ, որ լուրջ փոփոխություններ այս պահին ակնկալել հնարավոր չէ: Ընդ որում՝ թավշում են հիմնականում հանցագործները, որովհետև բոլորս գիտենք, օրինակ, թե  ինչպես են աշխատել ԱԱԾ-ն, Գլխավոր դատախազությունը, իրավապահ մյուս համակարգերը: Այդ բոլոր մարմիններին բացի մեդալներ, պաշտոններ ու ուսադիրներ բարձրացնելուց, նաև շնորհակալություն է հայտնվում անբասիր աշխատանքի համար: Առաջարկվող փոփոխությունները չեն կարող բերել որևէ առաջընթացի: Նույն խոստացված վեթինգը, որը վերափոխվեց բարեփոխման, վստահ եմ, որ չի ծառայելու իր նպատակին: Մենք շարունակելու ենք դատարաններում ունենալ հանցագործ դատավորներ: 

_Առաջին անգամը չէ, որ վարչապետը խոսում է  պետական համակարգում առկա դավաճանների, հեղափոխությանը դիմադրողների մասին, այդ դեպքում ինչո՞ւ չեն հետևում լուրջ պաշտոնանկություններ:

_Իմ կարծիքով՝ պատճառը թավիշն է, որի արդյունքում բոլոր այն մարդիկ, ովքեր հանցագործներ են, ովքեր գումարներ են մսխել, մինչև այժմ պատասխանատվության չեն ենթարկվել: Արդյոք երկու տարի՞ էր պետք  հասկանալու համար, որ այս համակարգը չի աշխատում: Շատ ավելի հեշտ կլիներ վարչապետին հասկանալ, որ նման խնդիր կա, եթե լսեին քաղհասարակությանը, երբ մենք ասում էինք, որ, օրինակ, իրավապահ համակարգում առաջընթաց չկա, կա տապալում: Ես կարծում եմ, որ ժամանակը բաց է թողնված և չեմ կարծում՝ այս իշխանությունները ցանկություն ունեն կամ ունակ են լինելու ինչ-որ փոփոխություններ անել:

_Այսինքն՝ պնդում եք, որ վարչապետի երեկվա հայտարարությանը և՞ս գործողություններ չեն հաջորդի, և սլաքները կոնկերետ մարդկանց կողմ չեն ուղղվի:

_Ենթադրում եմ, որ ավանդույթի համաձայն՝ մեկ-երկու փոքր ֆիգուրներ կարող են հեռացվել աշխատանքից, բայց նրանք եղանակ  փոխող չեն: Օրինակ՝ մինչև հիմա Գլխավոր դատախազը համարվում է իրենց «սրտի դատախազը»: Մարդիկ ոչ միայն տեղյակ չեն, այլ նաև ցանկություն չունեն լսելու, վերլուծելու:

_Գուցե, օրինակ,  Արթուր Դավթյանը վարչապետի մատնանշած այն մարդկանց շարքո՞ւմ է, ովքեր օգտագործել են իրենց տրված շանսը:

_Ու դրա արդյունքում բազմաթիվ մարդիկ փախուստի են դիմել, մասնավորապես՝ իր մտերիմ ընկեր, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, նաև բազմաթիվ այլ պաշտոնյաներ և մարդիկ, ովքեր ապօրինի ձեռքբերված գումարների համար պատասխան պիտի տային: 

Ես սկսում եմ կասկածել՝ արդյոք այստեղ չկա  ներկա և նախկին իշխանությունների մեջ գործարք, որի արդյունքում այսքան երկար ժամանակ տրվեց գումարները ավելի լավ թաքցնելու, հետքերը ավելի լավ թաքցնելու, որոշ մարդկանց տարածքից փախցնելու համար: Օրինակ՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ինձ համար ծիծաղելի է: Սերժ Սարգսյանին, նաև Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրանք առաջադրվեր,  օրինակ, հայրենիքի դավաճանության համար, իսկ «ջեբկիրի» հոդված դնել Սերժ Սարգսյանի վրա, լուրջ չէ: 

_Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքին և առաջիկայում դրա կիրառման արդյունավետությանը, ի՞նչ եք կարծում որքանո՞վ այդ օրենքը արդյունավետ կարող է կիրառվել:

_Այդ գործընթացը, եթե հանձնարարվելու է այն մարմիններին, որոնք նախկինում էլ  կոռուպցիայի, գումարների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու պարտականություն են ունեցել, ապա այդ  կառույցները հիմա փողերի վերադարձ չեն անելու, լինելու են ՀՀ-ից փախուստի դիմած հերթական հովանավորվող տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպեսզի գումարները վերադառնան, անհրաժեշտ է կատարել շատ ռեալ  փոփոխություններ: Այս օրենքը ուշացած է, բայց շատ լավն է, սակայն չի աշխատելու: