Լուրջ կասկածներ ունեմ, որ ամենաշատ վարակվածները Ռուսաստանում են. Զարեհ Սինանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ Հայաստան վերադառնալու ամենաշատ դիմումները ուղղակի և անուղղակի ստացել են Ռուսաստանից:
«Մենք գիտենք, որ կան կուտակումներ Ռուսաստանում, մի քանի հարյուր հայ տարհանվել է Հայաստան, բայց մանավանդ Հարավային Ռուսաստանում կան մեծ թվով հայեր, ովքեր ուզում են վերադառնալ Հայաստան, բայց միջոց չունեն»:
«Ա1+»-ի հարցին, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ 135 քաղաքացի հրաժարվել է դեսպանության տրամադրած սնունդից և հյուրատներ տեղափոխվելու առաջարկից, տեղյա՞կ է՝ ինչու են նման քայլի դիմել, ի՞նչ լուծում է նրանց առաջարկվելու, Սինանյանն արձագանքեց, որ քաղաքացիների քայլերից տեղյակ չէ, բայց չվերթները, որոնք կազմակերպվել են, արդեն ցույց են տալիս, թե ինչ ջանքեր է գործադրում ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ։
Սակայն, նրա խոսքով, հնարավորություններն անսահմանափակ չեն․ այնուամենայնիվ Սինանյանը վստահություն հայտնեց, որ հայերին հայրենիք վերադարձնելու գործընթացը շարունակական է լինելու:
Ինչ վերաբերում է աշխարհում կորոնավիրուսով վարկված հայերի թվին, Սինանյանն ասում է՝ վարակվածները շատ են, բայց հստակ թվեր չկան, որովհետև իրավիճակը շատ հեղհեղուկ է:
«Լուրջ կասկածներ ունեմ, որ ամենաշատ վարակվածները Ռուսաստանում են»:
Հայտնեց նաև, որ համագործակցում են սփյուռքում աշխատող բժիշկների հետ, մասնավորապես՝ կորոնավիրուսի ճգնաժամի առաջին օրերին Լոս Անջելեսում Հայ բժշկական միության անդամների ջանքերով Հայաստան են բերվել մոտ 1 տոննա բժշկական սարքավորումներ, պաշտպանական միջոցներ:
Թուրքիայում գտնվող հայերի վերաբերյալ Սինանյանն ասաց, որ բացի արդեն Հայաստան վերադարձած 70 հոգուց՝ այլ ահազանգ չունեն, թեև մշտական կապի մեջ են:
Սինանյանի խոսքով՝ վերջին 2 շաբաթների ընթացքում, տեղեկանալով, որ պարբերաբար կազմակերպվելու են Չինաստանից բժշկական գույք ու սարքավորումներ բերող չվերթներ, միացել են ՊՆ-ի եւ ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին և միասին փորձել են գոյացնել այն ֆինանսավորումը, որը հնարավոր կդարձներ երկու թռիչքները Չինաստանից:
«Մեր սփյուռքյան կազմակերպությունները սիրահոժար մասնակցել են այդ գործընթացին, մեր խնդիրն էր պարզաբանել, թե ինչի կարիք ունենք: Արդյունքում կարողացանք գոյացնել կես մլն դոլար հաստատված եւ 50 հազար դոլար հաստատման փուլում հետեւյալ կազմակերպություններից՝ Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից (Արմենիա միջազգային օդանավակայաններ, Կոնվերսբանկ, Կարաս գինիներ), Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից, «Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամից, ՀԲԸՄ-ից, նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից: Մենք փակեցինք ծախսերի մոտ կեսը, իսկ մնացած մասը՝ «Իմ քայլը» հիմնադրամից եւ նաեւ պետական ռեսուրսներից»,-ասաց Սինանյանը:
Սինանյանի խոսքով՝ այս պահին քիչ հավանական է թվում, որ հնարավոր կլինի ամռանը իրականացնել «Քայլ դեպի տուն» և «Պատանի առաջնորդների ճամբար» ծրագրերը:
«Ունեինք նաեւ երեք խոշոր համաժողովներ, որոնք պետք է կազմակերպվեին սեպտեմբերին, որի կազմակերպչական աշխատանքները սկսվել էին: Բայց այս պահին, քանի որ օդային կապը Հայաստանի հետ ընդհատվել է, եւ չգիտենք, թե երբ կվերականգնվի, այս ամենը փորձելու ենք անել առցանց»:
Հայտնեց նաև, որ սիրիահայերի խնդիրը ևս լուրջ է, նրանց 85 տոկոսը վարձով է բնակվում Հայաստանում, ինչը նրանց համար մեծ բեռ է, այս պահին ծրագիր չկա, բայց փորձում են լուծում գտնել և առաջարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: