ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակելու են գործել մինչեւ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում գործադիրի առաջարկած լրացումները ներկայացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը նշել է, որ սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների փոխարեն պետք է փուլ առ փուլ ընդունվեն հանրային առողջապահական նորմատիվները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը եւս վերանայելու անհրաժեշտություն է առաջացել: Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է կատարել լրացում, եւ տեսչական մարմնին սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոններն ու նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերից զատ վերապահել նաեւ հանրային առողջապահական նորմատիվների հետ կապված գործերի քննությունը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ արժանացել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: