Պետությունը և եկեղեցին անջատ են, մեկը մյուսի ներքին գործերին չպետք է խառնվի․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ մեկնաբանությանն ու դրա շուրջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին։
Հարցին՝ արդյոք հարի՞ր է ԱԺ փոխնախագահին նման հարցով քննադատություններ հնչեցնելը, Արարատ Միրզոյանն ասաց․
«Երբ սկսենք քննարկել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի, այս պահին անհրաժեշտություն չեմ գտնում խոսել այս հարցի մասին»։ ԱԺ նախագահը չցանկացավ այդ թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել․ միայն նշեց, որ պետությունը և եկեղեցին անջատ են, և մեկը մյուսի ներքին գործերին չպետք է խառնվի։
«Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել, ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս հայտարարություններին: Այս պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք, իհարկե, կա, վերաբերմունք, իհարկե, կա, բայց չեմ ուզում ասել: Ուղիղ ու անկեղծ ասում եմ»,- նշեց Միրզոյանը:
Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին նաև Սերժ Սարգսյանին չդիմավորելու մասին։
«Վստահ եմ՝ քննիչ հանձնաժողովը կազմակերպել է և՛ դիմավորումը, և՛ ճանապարհումը: Մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը մեքենայով: Գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք և առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով ու միջանցքով գնալ: Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է»,- ասաց նա։
Հարցին, թե նոր բացահայտումների կարո՞ղ ենք սպասել, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ շուտով բոլոր հարցերին կպատասխանի և կարևոր ասելիք կունենա:
«Ես ինչ իմանամ, թե ինչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը։ Հայաստանն ազատ ու ժողովրդավար պետություն է, և ցանկացած ոք կարող է իր համար ցանկացած պահի հանդիպել լրատվամիջոցների հետ ու ներկայացնել իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ»,- ասաց ԱԺ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութերը՝ Tert.am-ի