«Ապրիլյան պատերազմին տեսանք, թե ինչպիսին էին ասֆալտները. հնարավոր չէր զինտեխնիկան տեղաշարժել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքներ կան, ուր հնարավոր չէ ո՛չ ոտքով, ո՛չ տրակտորով մուտք գործել, նույնիսկ ձին է «խափանվում» կեսից։ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելուն, որով միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 13 մլն 400 000 եվրո կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման համար։
Պատգամավորը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվեց, թե նախատեսվող վերականգնվող ճանապարհների մեջ ռազմավարական ճանապարհները մտնո՞ւմ են, որոնք, Աստված չանի, պատերազմական իրավիճակում չեն կարող ծառայել զինտեխնիկա տեղափոխելու համար։
«Նախկինում մենք գիտեինք ասֆալտների գեներալներին ու գեներալուհիներին, որոնք մշտապես շահում էին տենդերները, և ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք՝ ուզում էինք գնալ Արցախ, այդ շահած մրցույթների ասֆալտները ինչ որակի էին արվում, և ուղղակի հնարավոր չէր զինտեխնիկա տեղաշարժել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե տենդերների թափանցիկությունը վերահսկելո՞ւ են։ Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ օրինակ՝ Նոր Ազնաբերդ- Խնձորուտ, Կապան- Աղավնո ճանապարհները ռազմավարական նշանակության ճանապարհներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։