Չաշխատող բիզնեսից հարկ են ուզում․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՍփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդյանը վրդովված է, ասում է՝ անելանելի վիճակում է: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում ինչ հայտարարվել է արտակարգ դրություն, Սեւակն իր բիզնեսը դադարեցրել է, ավելի ճիշտ, պարերատան պահանջով ռեստորանը փակել է: Սկզբում մեկ ամիս էր՝ մարտի 16-ից ապրիլի 14-ն էր արտակարգ դրությունն ու դրանից բխող պահանջը, հետո այն երկարացվեց մինչեւ մայիսի 14-ը:
Aravot.am-ի հետ զրույցում Սեւակն ասում է՝ մեկ ամիս ռեստորանը չի աշխատել, բայց ՊԵԿ-ից ծանուցում է ստացել՝ 260 հազար դրամ հարկ պետք է վճարի.«Եթե ռեստորանը չի աշխատել, ինչպե՞ս պետք է հարկ վճարենք: Ես չեմ հրաժարվում հարկ վճարելուց, բայց կառավարությունը պետք է հասկանա՝ չաշխատող բիզնեսից պետք չէ հարկ պահանջել այս պահին ու այս իրավիճակում: Պետք է գոնե հնարավորություն տան, հետաձգեն հարկի վճարումը, մինչեւ կարողանանք շունչ քաշել, աշխատել, եկամուտ ստանալ: Չաշխատելու պայմաններում մենք հա՞րկ վճարենք, թե՞ երեխա պահենք»:
Սեւակը հեղափոխությունից հետո որոշեց Հայաստանում բիզնես սկսել, գործընկերոջ հետ «Pome Tree» ռեստորանը հիմնադրեցին, մոտ 120 հազար դոլարի ներդրում են կատարել, վստահեցնում է՝ դեռ եկամուտը ծախսերը չի փակել.«Մինչեւ արտակարգ դրությունն էլ այնպիսի սեզոն էր, որ էլի ռեստորանի գործերը լավ չէին, եկամուտը շատ քիչ էր, բայց մենք նման ռիսկերը հաշվի էինք առել»:
Մեր հարցին՝ արդյոք դիմել է կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերից օգտվելու համար՝ բիզնեսին արտոնյալ վարկերի տրամադրում, աշխատակիցների աշխատավարձի փոխահատուցում միջոցառումներին, Սեւակը պատասխանում է՝ աշխատողները դիմել են, որոշները՝ ստացել են.«Մեր խոհարարը 64 հազար դրամ է ստացել, արդյոք այդ 64 հազար դրամով նա կարո՞ղ է ապրել, ընտանիքը պահել, երեխա ունի: Ես իմ աշխատողներին չեմ ազատել աշխատանքից, բայց աշխատող ունեմ, Սիրիայից է եկել, տուն է վարձել, նա ինչպե՞ս կարող է այդ գումարով ապրել»:
Այսօրվանից Սեւակը սկսել է նաեւ առաքում իրականացրել, դեռ պատվեր չի ստացել, ասում է՝ ստիպված է անցել այդ ռեժիմին, մտածում է, որ առաքումով աշխատանքն էլ ծախսերը չի ծածկի, բայց, իր խոսքերով ասած՝ գոնե աշխատողների գումարը կհանի:
Ամբողջական հոդվածն այս հասցեով