Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թող ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին բերեք․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պարգևավճարների հարցը շահարկվում է, սոցցանցերում բացասական ֆոնի վրա է ներկայացվում, քննարկում են այն, որ հեղափոխական թիմը պետք է հրաժարվեր պարգևավճարներից։

ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին բարձրաձայնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ու վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում, թե ինքն ինչպե՞ս է դրան վերաբերվում։

Վարչապետը նախ խոստովանեց, որ իրեն զգուշացրել էին, որ այդ թեմայով հարց են տալու և պատրաստված է եկել։ Նիկոլ Փաշինյանը քննարկումներից հասկացել է, որ խնդիրը ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյանների պարգևավճարների մասին է, այլև պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը։ Այդ քննարկումները նա անընդունելի համարեց։ Վարչապետը հեղափոխության օրերին արված իր մի ելույթը հեռախոսով միացրեց, որում նա հայտարարում էր, որ պետք է պետական ապարատի աշխատավարձերը բարձրացվեն։

«Սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է, որն էլի լեգիտիմ իրավունք է։ Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է պետական պաշտոնյանների աշխատավարձը բարձրացնելը, իր իրավունքն է՝ հեղափոխություն անի, մեզ այստեղից քշի, բերի էն հին, բարի ժամանակների պաշտոնյաններին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական համակարգը, ովքեր փայ էին մտնում բիզնեսներում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որպեսզի պաշտոնյան 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, պետք է շատ, թե քիչ կտրված լինի մանր կենցաղային խնդիրներից։

«Պետական ծառայության «պրեստիժը» պետք է բարձրացվի, սա իմ սկզբունքային դիրքորոշումն է։ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն այս քաղաքականությունը կտրել, հեղափոխություն անել, թող ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին բերեք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։