Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

«Հայաստանում առկա միջոցներով այլևս հնարավոր չէ բուժումն իրականացնել»․ փաստաբանը՝ Մ․ Գրիգորյանի վիճակի մասին

Օրեր առաջ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է՝ կապված շնչառության հետ։ Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա նշեց՝ այդ ընթացքում հնարավոր եղավ կարգավորել վիճակը, սակայն դրանով չի փոխվում կարգավիճակը։

«Մանվել Գրիգորյանի էպիկրիզներով, առավել ևս՝ վերջին էպիկրիզով փաստված է հիվանդությունների բացասական դինամիկան, հիվանդությունների ավելացումը և վիճակի վատթարացումը, ֆիքսված են ծանր հիվանդություններ»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքերով՝ Գրիգորյանը տառապում է ծանր հիվանդություններով, և նրան բուժող մասնագետը փաստեց, որ Հայաստանի լավագույն հիվանդանոցներում տևական ժամանակ բուժվելուց հետո ոչ միայն հիվանդությունները չպակասեցին, այլ ավելի բացասական դինամիկա գրանցվեց։

Հղում անելով Գրիգորյանին բուժող բժշկի խոսքերին՝ պաշտպանը նշեց, որ Հայաստանում առկա միջոցներով և սարքավորումներով այլևս հնարավոր չէ իր վստահորդի բուժումն իրականացնել։ 

«Այժմ նա հիմնականում ստանում է դեղամիջոցներ շաքարային դիաբետին ուղեկցող հիվանդությունների հետ կապված, բայց դրական դինամիկա Հայաստանի պայմաններում բացառվում է»,- ընդգծեց նա։

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ էպիկրիզն և բժշկի մասնագիտական կարծիքն ուղարկել են Ֆրանսիայի այն հիվանդանոց, որտեղ ժամանակին Մանվել Գրիգորյանը վիրահատվել և բուժվել էր, և թեպետ աշխարհում և Ֆրանսիայում նաև համաճարակով պայմանավորված՝ հիվանդներին ընդունելու սահմանափակումներ կան, բայց ծանոթանալով վերջին էպիկրիզին և հիվանդության պատմությանը՝ այդ հիվանդանոցից նույնպես բարձրաձայնեցին, որ հիվանդին անհապաղ պետք է տեղափոխել իրենց մոտ։

«Մենք այդ բոլոր փաստաթղթերն ուղարկեցինք Առողջապահության նախարարություն, նախարարին դիմում գրեցինք, խնդրեցինք, որպեսզի դա հաշվի առնելով՝ տա համապատասխան որոշում, որ հիվանդը կարողանա (և դա մենք ներկայացնում ենք դատարանին) տեղափոխվել արտերկիր։ Ավելին, մենք Առողջապահության նախարարությանն ուղղված գրության մեջ փաստել ենք, որ եթե ցանկություն ունի նորից լրացուցիչ կոնսիլիում հրավիրելու, նաև օգտվի այդ իրավունքից։ Առողջապահության նախարարությունը, ցավոք, անգործություն դրսևորեց, բացարձակ գործողություն չարեց։ Ավելին, ուղղորդեց մեզ, որպեսզի դիմենք դատարան՝ հաշվի առնելով, որ գործը դատարանում է»,- շարունակեց ԵԿՄ նախկին նախագահի շահերի պաշտպանը։

Վերջինս անթույլատրելի է համարում նախարարության այսպիսի քայլը, և ըստ նրա՝ նախարարությունն անգործություն է դրսևորել, քանի որ առողջապահական գործառույթը չի կարող լինել ընտրովի, նախարարության պոզիտիվ պարտավորություն էր կա՛մ եղած փաստաթղթերով անել եզրահանգում, կա՛մ կոնսիլիում ձևավորել՝ նոր եզրահանգում անելու համար։ 

Բաղդասարյանը նաև հավելեց, որ նախարարության գրությունը պաշտպանական կողմը փոխանցել է դատարան (միգուցե դատարանը միջոցներ ձեռնարկեր), սակայն դատարանը ևս դրսևորեց չեզոք վարքագիծ՝ պատճառաբանելով, որ առողջապահական գործառույթներ չի իրականացնում, և առողջապահական հարցերով պաշտպանական կողմը թող դիմի Առողջապահության նախարարություն։ 

«Սոցիալական երկիր կոչվող Հայաստանում դա պարզապես անթույլատրելի է (խոսքը վերաբերում է անձի առողջությանը), և մենք այդ բոլոր փաստաթղթերն ուղարկել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան այնքանով, որքանով որ Գրիգորյանի գործը նաև ՄԻԵԴ-ի տիրույթում է՝ խոշտանգման փաստի ուժով։ Այստեղ խնդիրը չի վերաբերում կոնկրետ անձին, խնդիրը վերաբերում է պետական այն քաղաքականությանը, որը, ցավոք, որոշ անձանց մասով, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի, իրականացվում է ընտրովի։ Այսինքն՝ ոչ մի պետական լիազոր մարմին իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարում»,- եզրափակեց Գրիգորյանի փաստաբանը։

Մեկնաբանության համար կապ հաստատեցինք Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ։ Նիկողոսյանն ասաց, որ նախարարությունը չի մեկնաբանում այս հարցը։

Իրավիճակի հետ կապված «Ա1+»-ը խոսեց նաև Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Արման Խաչատրյանի հետ։

Խաչատրյանն ասաց, որ ԲԴԽ-ն արդարադատական պրոցեսների մեջ բացարձակապես չի խառնվում։ «Մենք իրավասու չենք մեկնաբանենք որևիցե բան։ Ու որևիցե մեկը դրա իրավունքը չունի դատավորի փոխարեն կամ ընթացող արդարադատական պրոցեսի մասին որևէ մեկնաբանություն անել»,- նշեց Խաչատրյանը։

Մենք նաև խոսեցինք Մանվելի Գրիգորյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի օգնական Անի Դանիելյանի հետ։ Ասացինք, որ Գրիգորյանի փաստաբանն ասել է, որ պաշտպանական կողմը դիմել է դատարան, սակայն դատարանն ասել է, որ առողջապահական գործառույթների չի իրականացնում, և դրանք Առողջապահության նախարարության գործառույթներն են։

«Ես իրավասու չեմ մեկնաբանել։ Դատական նիստի ժամանակ, որքանով տեղյակ եմ, փաստարկները քննարկվել են, և դատավորը համապատասխան արձագանքը տվել է։ Նիստերի ժամանակ հնչած դիրքորոշումները համարվում են պաշտոնական, և դրանից զատ ո՛չ դատավորը, ո՛չ աշխատակազմը, վարքագծի կանոններից ելնելով, իրավասու չեն լրացուցիչ մեկնաբանություն տալ»,- եզրափակեց Անի Դանիելյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը տանն է բուժում ստանում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է երկրից չհեռանալու ստորագրությունը։ 

ԵԿՄ նախկին նախագահը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։