Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ է տեղի ունեցել քաղավիացիայի ոլորտում․ Ռևազյանին կարևոր ինֆորմացիա չեն զեկուցել (տեսանյութ)

Մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար 35 պատգամավոր է հերթագրվել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած Քաղավիացիայի կոմիտեի խնդիրներին։

Կառավարության ղեկավարը Հաշվեքննիչ պալատի՝ իրեն ներկայացրած տեղեկանքից մի մեջբերում կատարեց։ Տեղեկանքն, ըստ վարչապետի՝ իրեն տվել են 2019թ․-ի աշնանը։

«01․10․2018թ․-ի դրությամբ ՀՀ-ում 28 գրանցված օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից 10 աֆրիկյան երկրներում՝ Հարավային Սուդան, ՉԱԴ։ Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։ Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է Անվտագության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ։ Նաև ներկայացվել են տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»,- մեջբերեց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական համապատասխան հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանում Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը։ Գործադիրի ղեկավարն ասաց նաև, որ այս տեղեկանքի մեջ ներկայացված է, թե ինչո՞ւ չի կարողանում վերահսկել։

Բացի այս, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ․-ին եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիանընկերություններից մեկը ու դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել Քաղավիացիայի կոմիտեին։

«Ավիացիայի այդ պաշտոնյան, որը պարտավոր էր անմիջապես զեկուցել Քաղավիացիայի կոմկետի ղեկավարին, չի զեկուցել, և ղեկավարը այդ տեղեկանքի մասին իմացել է 2 ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ՝ իր կոլեգաների կողմից։ Երբ որ պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչո՞ւ չի զեկուցվել, այդ պաշտոնյան ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որում խախտումներ էին հայտնաբերվել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։