Բացել լրահոսը Փակել լրահոսը
արսեն
A A
Հասարակություն

Եթե դեղ կամ պատվաստանյութ չլինի, հնարավոր է, որ այս մարտահրավերի առաջ կանգնենք. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Եթե նույնիսկ մեր կատարած միջոցառումների միջոցով ունենանք վարակի անկում երաշխիք չկա, որ բռնկումը նորից չի կրկնվի. այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 Նախարարի խոսքով, հավանական է, որ աշնանը՝  ցրտերի ընկնելուն պես, կրկին կվերսկսվեն բռնկումները, քանի որ այս վիրուսի շրջանառությունը լավագույն սցենարների դեպքում ի սպառ չի վերանա, ինչպես լինում է մյուս վիրուսների դեպքում:

«Աշուն, ձմեռ և գարնան սկիզբ, եթե դեղ կամ պատվաստանյութ չլինեն, հնարավոր է, որ այս մարտահրավերի առաջ կանգնենք: Եվ այդ պատճառով մենք երկար ժամանակ պետք է պահպանենք սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները:

 Արսեն Թորոսյանը նշեց, որ հաճախ են իրեն հարցնում, թե ինչո՞ւ վարակի տարածման սկզբում Հայաստան եկող մարդկանց բոլորին չեն մեկուսացրել։

Նա նշեց, որ  Հայաստան են եկել տասյակ հազարավոր մարդիկ և հնարավոր չէր մեկուսացնել, սակայն նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ:

 «Եթե մեր երկիրը համեմատենք աշխարհի շատ երկրների հետ, շատ  ավելին ենք, արել քան արել են ուրիշները: Ճիշտ է, այս պահին ունենք հարաբերականորեն մեծ թվեր, բայց, միևնույն է, մենք համարվում ենք լավ գործած և համաճարակներին պատրաստ երկրներից մեկը»:

Առողջապահության նախարարից  հետաքրքրվեցին․ ո՞վ է Հայաստանի գլխավոր համաճարակաբանը․

«Հայաստանի վերջին սանիտարական բժիշկը կամ համաճարակաբանը ազատվել է 2005 թվականին և դրանից հետո չի եղել այդպիսի հաստիք և  հակահամաճարակային հիվանդությունները կառավարվել են  Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից , որը ենթարկվում է Առողջապահության նախարարությանը և բոլոր միջոցառումները ղեկավարվում են մեր համակարգմամբ այդ կենտրոնի կողմից և նման հարցադրումը անհասկանալի է: Հակահամաճարակային միջոցառումներով զբաղվում են միայն մասնագետները և ոչ մասնագետ չի զբաղվում»:

Արսեն Թորոսյանը ընդգծեց, որ որոշ գործընկերներ փորձում են իրենց կատարած գործողությունները դարձնել քաղաքական թեմա: Նա կոչ արեց դադարեցնել և վերադառնալ մասնագիտական դաշտ:

 Նա տեղեկացրեց, որ այս պահին ծայրահեղ ծանր վիճակում  7 անձ կա, որոնք հիվանդացել են նոր կորոնավիրուսային վարակով։