Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տարբեր վարչություններ տարբեր մոտեցումներ են ունեցել․ զեկույցում նշված խնդիրներից մեկը սա է․ Քաղավիացիայի կոմիտեի փոխնախագահ (տեսանյութ)

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը օնլայն պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։

Տաթևիկ Ռևազյանը,  անդրադառնալով Եվրամիության Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (EASA) զեկույցին, նշեց, որ կոնկրետ թերություններ են նշում, որ նկատել են փետրվարի 3-ից 7-ը տեղի ունեցած այցի ընթացքում։

«Բայց նշված չէ, որ թերությունները կապված են վերջին 2 տարվան»,- ասաց նա։

Զեկույցում նշված թերությունները ներկայացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը։ Ըստ նրա՝ կոմիտեն պարտավորված է եղել ներդնել զեկույցների համակարգ (պարտադիր և կամավոր)։ 

«Ընդհանուր կա պահանջ, որպեսզի իրականացվի «մարդ, անհրաժեշտություն, աշխատանք» քալքուլեյշն (calculation - հաշվարկ, - հեղ), որպեսզի իշխանությունները, կոմիտեն հասկանան, թե ինչ ծավալի աշխատանք ունի սա հիմնականում վերաբերում է տեսուչներին, և ինչ քանակությամբ մասնագետներ են պետք։ Ընդհանուր առմամբ աշխատանքը կատարվել է, բայց միասնական չի եղել։ Այսինքն՝ տարբեր վարչություններ տարբեր մոտեցումներ են ունեցել սա ևս խնդիրներից մեկն է, այսինքն՝ պետք է լինեին միասնական»,- առցանց ասուլիսի ժամանակ թերություններից մեկի մասով ասաց Պողոսյանը։

Վերջինս պարզաբանեց, որ աշխատանքը պետք է մի ուղղությամբ ընթանար, ոչ թե բաժանված լիներ տարբեր վարչությունների վրա, իսկ կատարված աշխատանքները պետք է արձանագրված լինեին, ինչը չի եղել, և մտահոգություն է առաջացնում եվրոպական կառույցների մոտ։

Ռևազյանն ասաց, որ փոփոխութուններ կատարվել են Քաղավիացիայի կոմիտեում մասնագետներ են ներգրավվել դրսից, բացատրել են՝ ինչ գործառույթներ ներդնել, և արդեն զգացվում է, որ ոմանք կոմիտեում սկսել են այլ կերպ մտածել և աշխատել։

Բրյուսելում տեղի ունեցած անվտանգության նիստում, Ռևազյանի խոսքերով, կոմիտեն ներկայացրել է քայլերն իրավիճակից դուրս գալու համար, և հիմնական շեշտադրումներից մեկն այն է եղել, որ կան ավիաընկերութուններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում Աֆրիկայի տարբեր երկրներում։

«Եվ իրենք ասում են՝ «եթե դուք պատշաճ չեք կարողանում տեսչական ստուգումներ անել Հայաստանում, որտեղ խնդիրներ ունեք, դուք ինչպե՞ս եք ընդհանրապես այդ տեսչական ստուգումները բավարար մակարդակի անում Աֆրիկայում»։ Եվ մենք սկսեցինք ուսումնասիրել, թե այդ գործառույթն ինչպես է իրականացվում։ Եվ հասկացանք, որ օրինակ շատ լուրջ խնդիր է, որ մենք որպես կոմիտե որևէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ»,- շարունակեց կոմիտեի ղեկավարը։

Վերջինս նշեց, որ հաշվի առնելով այդպիսի ստուգումներ անցկացնելու անհնարինութունը՝ կոմիտեն քայլեր է ձեռնարկել, որ ավիաընկերությունները չկարողանան Հայաստանում գրանցվել և Աֆրիկայում չվերթներ իրականացնել, ինչպես նաև արտահերթ ստուգումներ են իրականացվել, և որից հետո կասեցվել է «Տարոն-Ավիա» ընկերության գործունեությունը և հետո փակվել։

Իսկ մյուս ընկերությունը, որի գործունեությունը կասեցվել է, ըստ Ռևազյանի, «Մարս Ավիա»-ն է, և եթե վաղն ընկերությունը չներկայացնի կոմիտեին, որ վերացրել է թերությունները, մայիսի 1-ով ընկերությունը փակվում է, իսկ այս պարագայում արդեն չի մնա ընկերություն, որը թռիչք է իրականացնում Աֆրիկայում։

Քաղացիացիայի կոմիտեի նախագահն ասաց, որ շուրջ 80 պետության հետ են խոսել և եկել այն եզրահանգման, որ ճիշտ ճանապարհը ինքնաֆինանսավորումն է գանձել գումար կոմիտեի ծառայությունների համար, և դրա համար նաև օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել։

Ըստ Գալուստ Պողոսյանի՝ կոմիտեն ոչ պաշաճ և ոչ ամբողջովին է իրականացրել իր գործունեությունը «Եվ բոլորս միասին՝ ավիաընկերությունների, կոմիտեի և ինչու ոչ՝ ձեր, բոլորի աջակցությամբ պետք է գնանք այն ճանապարհով, որ խնդիրները վերացնենք»։

Հարցին, թե ինչ թերություններ է արձանագրել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը, կոմիտեի նախագահի տեղակալը պատասխանեց՝  42 դիտողություն «Սրանք ես չեմ կարող անվանել թերություններ, որովհետև ընդհանուր առմամբ EASA-ի այցը զուտ գնահատման այց է եղել, ոչ թե աուդիտ»։

Անդրադառնալով զեկույցին՝ Ռևազյանը նշեց, որ զեկույցի վերաբերյալ կոմիտեն դիտողություններ է արել և ապրիլի 6-ին ներկայացրել այսօր Հայաստան եկած խմբին, ինչպես նաև, որ այս զեկույցը վերջնական չէ, իսկ դիտողություններից 18-ը կոմիտեն ջնջել է և «սպասում է նրանց արձագանքին»։

Երեկ «Ա1+»-ը դիմել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որպեսզի Կոմիտեն տրամադրի Եվրամիության Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցը, որը վերաբերում է անցկացրած ստուգումներին։ Սակայն այսօր մեր դիմումին ուղարկված պատասխանում Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գալուստ Պողոսյանը տեղեկացրել էր, որ զեկույցը ենթակա չէ հրապարակման։ 

Սակայն սույն թվականի ապրիլի 12-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիոն գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասել էր, որ  զեկույցը գաղտնի չէ, գաղտնի գրիֆի տակ չէ։ 

Ճաղարյանը նաև ասել էր «Կարծում եմ հանրություն իրավունք ունի պահանջել քաղաքացիական ավիացիայից այդ զեկույցը, և գնահատի՝ ինչի մասին է զեկույցը»։

 Այս մասով Պողոսյանն ասաց, որ այս զեկույցը նախնական է։ 

«Զեկույցը բաղկացած է 4 մասից՝ A, B, C և D։ Առաջին մասը, կարելի է ասել, ընդհանուր ներկայացումն է, թե ով է եկել այցի, ուր են գնացել, նմանատիպ բաներ, ինչ ժամկետներում։ Երկրորդ մասը վերաբերում է միայն կոմիտեի դիտարկումներին, երրորդ մասը՝ մեկ ավիաընկերության, և չորրորդ մասը՝ մյուս ավիաընկերությանը։ Ընդ որում առաջին ամսում հստակ գրված է, որ կոմիտեն տրամադրում է ավիաընկերություններին միայն առաջին մասը, և իրենց  վերաբերող մասը։ Եվ չի տրամադրում կոմիտեին վերաբերող մասը և չի տրամադրում ավիաընկերություններին մյուսի վերաբերյալ դիտարկումները։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այն հրապարակման ենթակա չէ»,- նշեց Գալուստ Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։