Դեռ աջակցություն չստացած առանձին խմբերի կամ թվերի վիճակագրական տվյալներ չունենք․ Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշում է՝ բոլոր հարցերի համար մեր քաղաքացիները կարող են դիմել նախարարության թեժ գծին։
«Մենք ունենք 2 թեժ գիծ, որոնցից մեկը 114-ն և այն աշխատում է շուրջոօրյա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ ևս մեկ թեժ գիծ է գործարկվել (011-300-114), և այն գործում է միայն աշխատանքային օրերին և ժամերին։
Խոսելով այն քաղաքացիների աջակցության մասին, որոնք չունեն բնակության հասցե կամ հաշվառված չեն և պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են նրանք կարող օգտվել հակաճգնաժամային աջակցման ծրագրերից՝ Բաթոյանը խնդրեց տրամադրել նրանց հասցեները և պատրաստակամություն հայտնեց լրագրողի միջոցով գտնել, օգնել նրանց։
Բացի կառավարության աջակցման ծրագրերից, ըստ գերատեսչության ղեկավարի, հնարավոր է, որ քաղաքացիներին սոցիալական աջակցություններ տրամադրվեն նաև միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների, հրատապ օգնության ծրագրերի միջոցով։
Անդրադառանալով աջակցության ծրագրերից օգտվողների ցանկին՝ նախարարն ասաց, որ ցանկը ձևավորվում է հընթացս ամենօրյա աշխատանքի միջոցով։ Բացի այդ, ըստ նրա, տեղեկատավությունը հավաքելիս տվյալների բազաների հետ համադրման խնդիր կա, և ոչ բոլոր բազաներն ու հոսքերն են առկա։
«Ինչպես նաև, գիտեք, չգրանցված աշխատողների մասին տեղեկատվություն չկա։ Եվ սա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է, և նաև դժվարություն է ծրագրերն իրականացնելու ընթացքում։ Այդ պատճառով ցանկերը յուրաքանչյուր ծրագրին համապատասխան կազմում, հավաքագրում ենք, և իրականացնում»,- հավելեց ԱՍՀ նախարարը։
«Ա1+»-ի տեղեկությունների համաձայն՝ մարզական տարբեր ակումբներից բողոքում են, որ իրենց հաշվին ուղարկում են արձակուրդ, քանի որ աջակցություն չի նախատեսվում։
Այս մասով Բաթոյանը նշեց, որ նախարարությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկել, որոնք պետք է պաշտպանեն աշխատակիցների և գործատուների իրավունքները, որում նաև տեսչական մարմնին լիազորություններ են տրվում ավելի շուտ վերահսկողություն իրականացնել քաղաքացիների դիմումների հիման վրա։
«Այս առաջարկությունը կառավարությունում է։ Ես կարծում եմ, որ օրենքն ընդունելու դեպքում մենք նաև կունենանք այս վերհսկողական մեխանիզմները։ Ցավոք, այս պահին այլ վերահսկողական մեխանիզմ չունենք, որևէ մարմնի դա վերապահված չէ, և գործիքներն էլ առկա չեն»,- նշեց նա։
Հարցին՝ աջակցության ծրագրերը բնակչության քանի՞ տոկոսին չեն բավարարի, գերատեսչության ղեկավարարը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, սակայն ծրագրերը հարյուր հազարավոր մարդկանց են վերաբերում։
«Մենք փորձում ենք ծրագրերը մշակել այնպես, որ խմբերը չկրկնվեն։ Այսինքն՝ մարդիկ տարբեր սոցիալական խմբերում կամ կարգավիճակներում կարողանան ստանալ աջակցություն։ Այս պահին մեզ հաջողվել է այդպիսի 11 ծրագիր հաստատել, ինչպես նշել եմ՝ քննարկումները շարունակվում են։ Այս պահին դեռ աջակցություն չստացած առանձին խմբերի կամ թվերի վիճակագրական տվյալներ չունենք»,- ընդգծեց Զարուհի Բաթոյանը։
Մանրամասները տեսանյութում