Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport bzishk
A A
Սպորտ

Սպորտային բժշկի խորհուրդները մարզիկներին

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սպորտային բժիշկ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքով իր խորհուրդներն է տվել կարանտինի մեջ հայտնված մարզիկներին:

«Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները։ Նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում։ Հասկանալի է, որ հնարավոր չէ իրականացնել բնականոն մարզումային գործունեություն և կանգնած են մարզավիճակը կորցնելու վտանգի առաջ։

Կորոնավիրուսը մարզիկներին դրել է դժվարին հոգեբանական վիճակում և հնարավոր է, որ նրանց մի մասը հայտնվի ընկճախտի մեջ։ Ոչ բոլորը կկարողանան հաղթահարել դա, որի հետևանքով կխաթարվի նրանց մարզական կենսագրությունը։ Ավելի դժվար է լավագույն մարզավիճակում գտնվող մարզիկների համար, որովհետև խոցելի է նրանց իմունիտետը։

Վտանգներից խուսափելու համար կուզեի հետևյալն ասել։ Անհրաժեշտ է տնային պայմաններում շարունակել մարզումները՝ պահպանելով նախկին ռեժիմը և հաճախականությունը։ Ամենօրյա կապ հաստատել մարզչի, թիմի բժշկի և եթե հնարավոր է՝  հոգեբանի հետ։

Ամեն մարզիկ պիտի ունենա իր օրագիրը։ Այնտեղ անհրաժեշտ է նշել առավոտյան հանգստի վիճակի պուլսը (սրտի բաբախումների հաճախականությունը), անձնական քաշը, մարզումների  ժամերը, կատարված վարժությունները, դրանց քանակն ու հաճախականությունը։

Պարապմունքները պետք է հաջորդաբար ընդգրկեն նախավարժանք (ցատկեր, կքանիստեր, արագ վազքեր՝ մուտքի աստիճաններով, հավասարակշռության և ուժային վարժություններ, ձգումներ)։ Ձգումներն անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթականությամբ՝ ստատիկ, դինամիկ և պայթուցիկ (բալիստիկ) շարժումներով։

Մարզման ամենամեծ բեռնվածության պահին կրկին հաշվել պուլսը, որը պիտի կազմի ոչ պակաս քան 160-180 բաբախում/րոպե։ Վերջում կատարել ցածր բեռնվածության թուլացնող վարժանք։

Ավարտից հետո ընդունել տաք և սառը ցնցուղ, ինչը կոփում և զարգացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Օրագրում նշել օրվա մարզման հետ կապված սեփական մտքերը, թերությունները և հաջորդ օրվա անելիքը։ Պահպանել հեղուկների ընդունման ռեժիմը (օրը՝ 2-3 լիտր ջուր)։

Ամեն օրվա մարզման համար խորհուրդ է տրվում պատրաստել էներգետիկ հեղուկային խառնուրդ  (կոկտեյլ)՝ 300 մլ խնձորի կամ խաղողի հյութի մեջ լուծել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր և  2-3 լորի հավկիթ։ Կոկտեյլի կեսը խմել մարզումից մեկ ժամ առաջ, մյուս կեսը՝ ավարտելուց կես ժամ հետո։ Դա  նպաստում է ուժերի արագ վերականգնմանը։

Ցանկանում եմ առողջություն, բարձր տրամադրություն, անհրաժեշտ մարզավիճակ և հաղթանակներ»։