Աջակցություն՝ փետրվարին մինչեւ 10 հազար դրամի գազ եւ մինչեւ 5 հազար դրամի լույս սպառած բաժանորդներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այսօր արտահերթ նիստում քննարկեց և ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը:
Ծրագրի շահառու են հանդիսանում բոլոր նրանք, ում փետրվար ամսվա գազի ծախը կազմել է ոչ ավելի, քան 10.000 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը՝ մինչև 5000 դրամ,-ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Օժանդակում ենք այդ շեմերից ցածր բոլոր բաժանորդներին՝ անկախ ժամկետանց պարտք ունենալու կամ չունենալու հանգամանքից։ Փոխանցումը միանգամից կատարվում է ծառայությունն իրականացնող ընկերությանը։ Ովքեր ունեն պարտք, այդ պարտքերը կնվազեցվեն, ովքեր չունեն, կհաշվվի որպես կանխավճար»,- նշեց փոխվարչապետը։
Ընդգծեց, որ ցուցակները կճշգրտվեն մեկ երկու օրվա ընթացքում։
Վարչապետն էլ հավելեց, որ 11-րդ ծրագրով շահառու է հանդիսանում ավելի քան 222 հազար քաղաքացի։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ընդունված բոլոր նախագծերով շահառու է մոտ 300 հազարից ավելի քաղաքացի։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրոդ ծրագրերի արդյունքները:
Առաջին միջոցառմանը դիմել է 205 շահառու, տրամադրվել է ընդհանուր 8 մլրդ 851 մլն դրամ գումար,-ներկայացրեց Ջավադյանը:
Եղել են նաև մերժված հայտեր ժամկետանց պարտավորությունների պատճառով:
Երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այստեղ ընդհանուր վարկերի քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են, տրամադրվել է արդեն 1 մլրդ 606 մլնդ ընդհանուր գումար:
Փոքր բիզնեսի համար նախատեսված 3-րդ միջոցառմանը դիմել է 457 շահառու, որոնցից 200 ավելի հայտ մերժվել է չափանիշներին չհամապատասխանելու պատճառով,-հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
5-րդ միջոցառման մասով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցեց, որ այսօրվա դրությամբ 9725 շահառու հանդիսացողներին ուղարկվել է ծանուցում, դիմում է ներկայացրել 5388 շահառու, 5207 գործատու փաստացի ստացել են փոխհատուցում:
Այս նախագիծը վերաբերում էր այն գործատուներին, ովքեր արտակարգ դրության պայմաններում շարունակել են աշխատել նույն ծավալով, աշխատակիցների կրճատումներ չեն եղել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախար Զարւհի Բաթոյանն էլ ներկայացրեց սոցիալական աջակցության ծրագրերը: Ասաց, որ 4-րդ, 6-րդ , 7-րդ ծրագրերով արդեն 11444 անձի փոխանցվել է 929 մլն դրամի աջակցություն, շահառուների ցուցակը լրացվում է: