Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Տնտեսություն

Պետությունը կարող է գումար տրամադրել կամ վարկավորել «Յուքոմ»-ի  հիմնադիրներին․ Կարեն Վարդանյան (տեսանյութ)

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկություններով՝  «Յուքոմ»-ի  տնօրինությունը, թեեւ բաժնետերերից  է,  տեղյակ չի եղել, որ պատրաստվում են  փոխել իրենց։

«Ամենասկզբից փորձ է կատարվել առանց բոլոր բաժնետերերին զգուշացնելու փոխել ղեկավարությանը և ձեռնարկության կառավարչական մարմիններին, որը գոյություն ունեցող աշխատակազմի կողմից նկատվել և հակազդվել է»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն  Վարդանյանը։ Ըստ մամուլի՝  սեփականատերերն ուզում են «Ucom»-ի տնօրենի պաշտոնում նշանակել  Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը: Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ը  հայտ է ներկայացրել գնելու «ՎԵՈՆ Արմենիա»-ի՝ Beeline-ի  բաժնետոմսերը։

Աշխատանքից ազատվելու  դիմում են ներկայացրել 576 հոգի, այդ թվում` գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և  տեխնիկական թիմը:  Ըստ ընկերության հիմնադիրներ  Եսայան եղբայրների, որոնք ընկերության 5,94% բաժնետերերն են,  պատճառը  բաժնետերերի միջև հակասություններն են։

Եղբայրները երեկ  դիմել են մյուս սեփականատերերին՝ 94,06 տոկոս բաժնետոմսերի համար առաջարկելով 22 մլրդ 100 մլն դրամ գումար:

Կարեն Վարդանյանը կարծում է, որ պետությունը կարող է գումար տրամադրել կամ վարկավորել Եսայան եղբայրներին, որպեսզի նրանք գնեն մնացած բաժնետոմսերը։

Ըստ նրա՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, և աշխատակազմը բարձր կամակերպչական նվիրվածություն, քաղաքական հասունություն են ցուցաբերել ստեղծված իրավիճակում։

Կարեն Վարդանյանը  «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ նաեւ   «Արմաթ» լաբորատորիաների աշխատանքին։  Նա  ասաց, որ տներից են աշխատում աշխատակիցներն ու  սաները․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում մի մասն աշխատում է դեմքի վահանների վրա, մի մասը՝ արհեստական շնչառության սարքավորումների վրա։

«Ու այդ ամեն ինչը զուգորդվում է նրանով, որ խմբակավարներն առցանց դասեր են տալիս իրենց սաներին»,- նշեց նա։

Իսկ ինչպես կազդի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ՏՏ ոլորտի վրա։

Ըստ նրա՝ համաշխարհային պրոցեսներ են գնում, որոնց նպատակը համաշխարհային տնտեսությունը քանդելն է, և մեծ կռիվ է գնում անդրազգային կորպորացիաների և պետությունների միջև։

«Այն ընկերությունները, որոնք աշխատում են ենթակառուցվածքի պահպանման վրա՝ սերվերներ, առցանց գործիքներ և այլն, դրանք կաճեն։Որովհետև առցանց աշխատանքն ավելի է շատանում։ Այն ընկերությունները, որոնք ավելի ֆիզիկական ենթակառուցվածք են սպասարկելու, ասենք՝ շինարարություն, արտադրություն, փոքր և միջին բիզնես, և այլն, և այլն, դրանք «կպառկեն»»,- ընդգծեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը։

 

Մանրամասները տեսանյութում