Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Վերջին երկու օրերին գների նվազման դինամիկա կա. ՏՄՊՊՀ նախագահ (տեսանյութ)

«Պարենային ապրանքների քանակը բավարարում է ցանցերում՝ և՛ մատակարարների,  և՛ արտադրողների մոտ»,-Կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վստահեցրեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ինչ վերաբերում է ապրանքների գներին, Գևորգյանն ասաց, որ վերջին երկու օրերին գների նվազման դինամիկա կա, բայց սա չի նշանակում է, որ պիկը հաղթահարված է.

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի տվյալների, օրինակ՝ բուսական յուղը փետրվարին եղել է 705 դրամ, մարտին բուսական յուղի գնի պիկը եղել է 735 դրամ, ապրիլի 8-ի դրությամբ գինը 25 դրամով նվազել է:

Ցիտրուսային մրգերի մասով գների բարձրացման դինամիկա կա,-ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ թանկացել է նարինջը, փոխարենը՝ մոտ 60 դրամով նվազել է մանդարինի գինը:

Ապրիլի 8-ի դրությամբ, 5 դրամով նվազել է ալյուրի գինը՝ 290-ից դարձել է 285 դրամ, հացի գինը չի փոխվել,-վստահեցնում է հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Վանաձորում հացի գնի բարձրացման խնդրին, Գևորգյանն ասաց, որ Վանաձորում հացը միշտ համեմատած մյուս քաղաքների՝ շատ էժան է եղել, քանի որ արտադրողները շատ են.

«Հացի թանկացման խնդիրը կապված է եղել մի շարք փաստերի հետ, որոնք մենք այս պահին ուսումնասիրոմ ենք, մի փոքր հատված կապված է եղել ալյուրի գնի հետ, մի փոքր հատված կապված է եղել փաթեթավորման հետ, քանի որ այս օրերին առավել պաշտպանված փաթեթավորում են օգտագործել, բայց հիմնական պատճառը կապված է եղել սպառման ծավալների նվազման հետ՝ հաշվի առնելով նաև դպրոցների և մանկապարտեզների փակ լինելը, հաց արտադրողները չեն կարողացել իրացնել հացաբուլկեղենի տեսակները»:

Ավելացել է մատնաքաշի գինը, բայց նվազել լավաշի գինը,-ասում է Գևորգյանը: Նրա խոսքով՝ մտահոգիչ է  այն, որ գների ավելացումը տեղի է ուենեցել համատարած:

Գևորգյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը հետևում է գների դինամիկային, շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և չի լինի տնտեսվարող, ով կխախտի օրենսդրությունը և պատասխանատվության չի ենթարկվի:

«Հանձնաժողովը արդեն որոշում է կայացրել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսական մրցակացության պաշտպանության մասին օրենքի խախտումը կդիտարկվի ծանրացնող հանգամանք, սրա մասին զգուշացումը փոխանցվել է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին»:

Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկան կապում ենք արտարժույթի նվազման հետ,-ասում է ՏՄՊՊՀ նախագահը:

Նպարեղենի թանկացման վերաբերյալ Գևորգյանն ասում է, որ պարզել են՝ ավելացել են ձեռքբերման գները, ի տարբերություն ցիտրուսային մրգերի, իմբիրի, որտեղ ներմուծման գները այդքան էլ չեն  ավելացել, բայց առևտրային ցանց հասնում են միջնոդների միջոցով, այդ պատճառով կա գների բարձրացում: