Բացել լրահոսը Փակել լրահոսը
92800318_149369203159800_7876333674214457344_n
A A
Հասարակություն

Ղեկը փոխած մոտ երկու հարյուր մեքենա մնացել է Վրաստանում. չեն կարողանում ներմուծել Հայաստան. Տիգրան Հովհաննիսյան

Սահմանների փակ լինելու պատճառով ղեկը փոխած մոտ երկու հարյուր մեքենա մնացել է Վրաստանում և չենք կարողացել ներմուծել Հայաստան: ՊԵԿ-ի կողմից հաշվառում է արվել, որ կորոնավիրուսի ճգնաժամից  հետո կարողանանք ավտոները ներկրել. «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Վիրուսի պատճառով ճգնաժամը ավելի խորացավ: Կան ավտոներկրողներ կամ անհատներ, որ փորձել են այս բնագավառում գումար աշխատել և ընկել են բանկային և վարկային խնդիրների մեջ: Ավտոներկրողներն ունեն կուտակված մեքենաներ, որը կկարողանան  վաճառել, բայց այն անձինք, որոնք շահույթ ունենալու համար կարճ ժամանակով են մտել այս գործի մեջ,  տուն են վարկի տակ դրել և այլն, հնարավոր է իրենց ավտոները ստիպված էժան վաճառեն, սակայն  ընդհանուր առմամբ գների անկում չկա»:

Տիգրան Հովհաննիսյանը նշում է, որ ավտոներկրողները ՊԵԿ-ին ներկայացնում են այն մեքենաների քանակը, որոնք մինչև հունվարի 1-ը չեն ներմուծվել Հայաստան, որպեսզի նրանք հին դրույքաչափով մաքսազերծում անեն, այս առումով՝ ՊԵԿ-ն ընդառաջել է իրենց: Սակայն, նրա կարծիքով, Կառավարությունը ճգնաժամային իրավիճակի պատճառով առաջացած խնդիրների լուծման և  աջակցության ծրագիր չի մշակել:

«Ոլորտը դեռևս ամբողջապես կարգավորված չէ, մարդիկ մնացել են իրենց խնդիրներով, և չեն կարողանում մեքենաները վաճառել: Մեզ պետք է, որ շուկան բացվի, որ կարողանանք ավտոները վաճառել: Սակայն մինչև շուկան բացվի, հուլիսի մեկից էլ չենք կարող ժամանակավոր գրանցումով վաճառել ավտոները: Քանի որ ԵԱՏՄ պետության քաղաքացիները պետք է ավտոմեքենա գնելու համար Հայաստանում կացության կարգավիճակ ստանան և պետք է ունենան մեկ տարվա կացության պայմանագիր: Բայց մեր ժամկետն էլ մինչև հուլիսի մեկն է, այդ դեպքում մեքենաները լճացած մնալու են: Պետք է քննարկենք հուլիսի 1-ից հետո պետությունը ի՞նչ հնարավորություն կարող է տալ, մենք չենք ուզում նորից թույլ տան մեքենան ժամանակավոր գրանցում անենք, հետո տանեն խնդիր լինի Ղազախստանում, թող հաշվառումից հանեն»:

Ավտովարորդների շահերի պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը նշում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ձեռք բերված համաձայնության շրջանակում տրանսպորտային միջոցները պետք է ներկրվեին և մաքսազերծվեին մինչև մարտի 31-ը: Դրա վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կարգադրություն է եղել, բայց քանի որ սահմանները փակ են, իրենք դիմել են ժամկետը երկարացնելու համար:

«Վարակով պայմանավորված այս իրավիճակը ի վնաս գործեց և անհատ ձեռներեցների և կառավարության համար: Եթե վարակը չլիներ, կառավարությունը գուցե հեռահար ծրագրեր իրականացնելու հնարավորույթյուն ունենար և մեր առաջարկները հնարավոր լիներ քննարկել: Գնահատականս այնպիսին է, որ այո՝ Կառավարությունը ևս կանգնել է փաստի առաջ և միակողմանի դատողություններ անելը արդար չի լինի, ես նշեմ, որ այն հարցերը, որը փաստարկված և լիարժեք զեկուցվել է վարչապետին՝ ստացել է արդար որոշում: Նրան երբեմն խեղաթյուրված տեղեկություններ են տալիս: Մինչև բողոքի ակցիա չի լինում, միչև չեն զեկուցում իրեն, որ կա այսպիսի խնդիր՝ լուծում չի ստանում: Դրա վառ օրինակը՝ աջ ղեկով մեքենաների հետ կապված վարչապետի որոշումն էր»: