Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան2
A A
Պաշտոնական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

«Առկա է ՄԻԵԴ-ի որոշում, որտեղ արձանագրվում է, որ եթե հիվանդանալու ռիսկը ռեալ է և մահանալու կամ կյանքին վնաս հասցնելու խնդիր կա, ապա այս պայմաններում անձին  պահելը կարող է համարվել խոշտանգում, երրորդ հոդվածի խախտում կամ անմարդկային վերաբերմունք: 

Մենք գտնում ենք, որ կորոնավիրուսի վարակի ռիսկը ռեալ է, քանի որ քրեակատարողական հիմնարկում կան անձինք, որոնք վարակվել են: Ճիշտ է մեկուսացվել են, բայց ամբողջական պատկերը չունենք, և չի կարող բացառվել վարակի տարածումը։ Եվ քանի որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի ռիսկային խմբում է ներառված, գտնում ենք, որ տարիքային և առողջական վիճակից ելնելով՝ նրա՝ շարունակական  քրեակատարողական հիմարկում գտնվելը այն պարագայում, քանի դեռ պայքարում ենք վարակի դեմ, կհամարվի անմարդկային վերաբերմունք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» ԲԿ-ից ՔԿՀ տեղափոխելուց առաջ փաստաբան Արամ Օրբելյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով չտեղափոխել Ռ․ Քոչարյանին նույն հիմնավորմամբ։ Միևնույն ժամանակ ներկայացվել էր տվյալ հայցի նախնական ապահովման միջնորդությունը։

Միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը։ Համաճարակի տարածման պայմաններում ՔԿՀ-ների խնդիրն է անել հնարավորը, որ այդ անձանց առողջությունը չվտանգվի։