Բացել լրահոսը Փակել լրահոսը
93013840_235391387661931_3494806462029365248_n
A A
Քաղաքականություն

Էրդողանի առաջարկը՝ Հայաստանին, ինչպե՞ս պետք է արձագանքել․ թուրքագետների մեկնաբանությունը

Թուրքիայում Պոլսի հայ պատրիարքությունը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։  

Ըստ պատրիարքության՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը դյուրացնել, Հայաստանին դեղորայքով օժանդակել։

«Ա1+»-ը ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Վարուժան Գեղամյանից և թուրքագետ, արևելագետ Հակոբ Չաքրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Էրդողանի այսպիսի մոտեցումը, և ի՞նչ արձագանք պետք է լինի Հայաստանի կողմից։

«Նախ կրկին գործ ունենք թուրքական ներքին կյանքին բնորոշ երևույթի հետ, երբ հոգևոր առաջնորդների հետ երկրի ղեկավարը փաստորեն մշտական կապ է պահում տարբեր առիթներով, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում։ Եվ այս պարագայում Էրդողանի զանգը որևէ արտառոց բան իրենից չի ներկայացնում»,- ասաց Գեղամյանը։

Ըստ թուրքագետի՝ միևնույն ժամանակ յուրահատուկ ուղերձներն ուղղված էին ոչ միայն պատրիարքին, այլ նաև ավելի լայն լսարանին, և բնականաբար այդ լսարանը ներառում է նաև Հայաստանը։ Գեղամյանի կարծիքով՝ ինչ-որ առումով Էրդողանի այսպիսի քայլն իր մեջ ինչ-որ ուղերձ էր պարունակում այն տեսակետից, որ շուտով Ապրիլի 24-ն է, և յուրահատուկ «բարեհոգության» դրսևորում է, այսինքն՝ գործ ունենք թուրքական կյանքում ընդունված ավանդույթի հետ։

«Մասնավորապես՝ Ապրիլի 24-ին ընդառաջ փորձել որոշակի բարիդրացիական քայլեր անել, որոնք բնականաբար որևէ աղերս չունեն իրականության և բուն խնդրի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ»,- ընդգծեց Վարուժան Գեղամյանը։ 

Ճշգրտող հարցին, թե արդյոք Էրդողանի այսպիսի առաջարկն ուղղակի ձևական բնո՞ւյթ էր կրում, արևելագետը պատասխանեց, որ մամուլում որևէ տեղեկություն չկա, որ Հայաստանին դեղամիջոցների տրամադրման գործընթաց է սկսվել, կամ հասել է Հայաստան, կամ կապ է հաստատվել Հայաստանի հետ։ 

«Միևնույն ժամանակ այն խոսքը, որ դյուրացվել է Հայաստանի քաղաքացիների վերադարձը Հայաստան՝ այս պահին հստակ չէ, թե որ մասով է հատկապես դյուրացվել։ Հավանաբար խոսքը վերաբերում է սահմանային անցմանը, որովհետև քաղաքացիների բուն տեղափոխումը ապահովել է ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես դրա համար տրամադրելով ավտոբուսներ։ Եթե չեմ սխալվում՝ շուրջ 70 քաղաքացի վերադարձել է Հայաստան այդ ավտոբուսներով»,- շարունակեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոսը։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է արձագանքեն իշխանություններն Թուրքիայի նախագահին, Գեղամյանը պատասխանեց, որ իրավունք չունի պատասխանել, չի կարող ասել։

Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ մինչ այս Էրդողանն Իսպանիային և Իտալիային է օգնություն առաջարկել, և նույնիսկ ուղարկել, և վարչապետները շնորհակալություն էին հայտնել Թուրքիայի նախագահին։

«Թուրքական ընդդիմությունը խիստ քննադատեց Էրդողանին, որ սովորական դիմակներ չկան, բժշկական դիմակներ չկան, բժիշկների 78 տոկոսը դիմակ չունի (կորոնավիրուսը բուժող բժիշկներին է վերաբերում), բուժքույրերը խալաթ չունեն, գոգնոց, ձեռնոց չունեն, լվանում են, որ նորից օգտագործեն։ Փոխանակ երկրի ներսում հիվանդանոցի պահանջները բավարարի՝ իրեն ցույց տալու համար վերցնում և Իսպանիային է օգնում, Իտալիային է օգնում»,- նշեց թուրքագետը։

Ըստ Չաքրյանի՝ հավանական է, որ նույնիսկ ինֆորմացիա չտրվի, որ Հայաստանին օգնություն է տրամադրվում, որովհետև Էրդողանն այդ դեպքում կարող է ավելի խիստ քննադատության արժանանալ, քանի որ ընդհանուր առմամբ հայերի և Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, բացասական վերաբերմունք կա այնտեղից, և որ դա ավելի կընդգծվեր։ 

«Իհարկե Էրդողանի այս քայլն արվել էր Թուրքիայի միջազգային հեղինակությունը բարելավելու համար, որը վերջին տարիներին բավական տուժել էր Էրդողանի կողմից արված հայտարարությունների պատճառով՝ «Ով Մերկել», «Ով Մակրոն»  և այլն։ Այսպիսի արտահայտությունների պատճառով սրվել էին հարաբերությունները Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ»,- նկատեց Չաքրյանը։

Սակայն նրա խոսքերով՝ այնուամենայնիվ Էրդողանը վատ բան չի անում, պետք է շնորհակալ լինել։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է պատասխանել Էրդողանին, հաշվի առնե՞լ, որ Պոլսի պատրիարքության միջոցով է փոխանցվել Էրդողանի խոսքը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջոցո՞վ պատասխան փոխանցել, թուրքագետն ասաց, որ Գարեգին Բ-ի միջոցով կարելի է։

«Քանի որ ինքը փորձել է պատրիարքարանի միջոցով փոխանցել, Գարեգին Բ-ն էլ, թող, հայտարարությունը փոխանցի պատրիարքարան, և Պոլսի պատրիարքարանն էլ, թող, փոխանցի Էրդողանին։ Այս հարցն ուղղակի չի եղել Հայաստանի իշխանություններին առաջարկվել է պատրիարքարանին, որ այն փոխանցի։ Իշխանություններն էլ նույն ճանապարհով հավասարության սկզբունքը պետք է պահպանեն բանակցության մեջ։ Ինչ ճանապարհով, որ առաջարկվում է, նույն ճանապարհով էլ պատասխանն է փոխանցվում»,- եզրափակեց Հակոբ Չաքրյանը։