Բացել լրահոսը Փակել լրահոսը
92028769_803559443385090_9161110472945041408_n
A A
Հասարակություն

Անթույլատրելի գործելաոճ է․ բնապահպանը՝ ոլորտին առնչվող ինֆորմացիայի սահմանափակմանն ուղղված նախագծի մասին

Ապրիլի 2–ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը,  որով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանափակել ոլորտին առնչվող տեղեկատվության տրամադրումը։

Նախագիծը կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման: Սակայն մասնագիտական հանրության շրջանում այն բուռն քննարկումների առիթ դարձավ:

Մասնավորապես՝ մասնագետները բարձրաձայնում են, որ օրենքը հանրային քննարկում չի անցել: Բնապահպան Լևոն Գալստյանը «Ա1+»-ի հետ զրույցում  նշեց, որ երբ նախագիծը դրվել է քննարկման E-draft-ում, այնտեղ  քվերակողների մեծամասնությունը դեմ է եղել․ նրանց կարծիքները հաշվի չեն առնվել, իսկ Կառավարության նիստում հաստատված վերջնական տարբերակը լրիվ այլ բան է, ինչն էլ՝ ըստ Գալստյանի՝ աբսուրդ է.

«Այստեղ կարևորն այն է, որ հարթակում քննարկման սխեման չի աշխատում, սա անթույլատրելի գործելաոճ է, նույնիսկ  եթե ամենալավ որոշումն ես կայացնում, նման ձևով փոփոխություն անելը անթույլատրելի է»:

Գալստյանը կարծում է՝ նախագծի հիմնավորումները աբսուրդային են.

«Հարց է պետք տալ նախարարությանը, թե անկախ Հայաստանի պատմության ընթացքում  որևէ մեկը դիմե՞լ է իրենց և ուզել, օրինակ, Բեզոարյան այծերի կամ ընձառյուծի ապրելատեղի կոորդինատները և բազմացման վայրերը: Կամ իրենք շա՞տ գիտեն բազմացման վայրերը»:

«Իրենք կարող են բնապահպանական տեղեկատվությունը տրամադրել կամ մերժել իրենց ճաշակով», -ասում է Գալստյանը:

Հարցին, թե ո՞րն է  նման սահմանափակումների նպատակը, ի՞նչ ունի թաքցնելու գերատեսչությունը, բնապահպանն ասում է.

«Ենթադրենք կա հանքավայր «Արևիկ» ազգային պարկի տարածքում, այն Նռնաձորի ինչ-որ հանքավայր է, որը Թոխմախի Մհերի տղայինն է,  հեղափոխությունից հետո նորից տվել են դրա երկրաբանական հետախուզման թույլտվություն, կան փաստեր, որ այդ տարածքը ամբողջովին ընձառյուծի  տարածք է, և ինքը այդտեղով միգրացիա է անում, տեղաշարժվում է, եթե մենք չունենք այդ տեղեկատվությունը։ Միայն իրենք ունեն՝ որպես նախարարություն, կարող են մանիպուլյացիա անել  և ասել, որ չկա այդպիսի բան այդտեղ, իսկ ինֆորմացիա չեն տա, որովհետև այդպես գրված է օրենքում: Մի ուրիշ տեղ կարող է ուզենաս իմանաս «y» տարածքում ինչ-որ տնտեսական գործունեություն է իրականացվում, կա՞ արդյոք գրանցված բուսատեսակ կամ կենդանատեսակ, հարցում անես, կասեն՝ չենք կարող տալ»:

Իր ֆեյսբուքյան էջում այս խնդրի մասին բարձրաձայնել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Նա մասնավորապես նշել է. «E-draft ում դրված Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի տարբերակը ուրիշ է եւ չի համապատասխանում այն նախագծին, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 2-ին։ Փաստորեն, քննարկվել է մի բան, սակայն ընդունվել այլ տարբերակ»։ 

Նախագիծը դեռևս պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովում:

Ֆեյսբուքյան իր էջում օրենքի նախագծին անդրադարձել է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա միացել է 230-ից ավելի ՔՀԿ-ներ միավորող ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությանը և նշել.

«Էս նախագիծը չբերեք խորհրդարան։ Սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը»:

Հիշեցնենք` ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լրացնել հետևյալ կետով. «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։