Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Առաջին նախագահը գործարք է առաջարկում՝ սառեցնել ապրիլյանը, որպեսզի Սերժ Սարգսյանը չմասնակցի նիստին․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի՝ 2016 թ.-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի սառեցնելու իր աշխատանքները։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որում նա առաջարկում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը, որովհետև այն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

«Եթե սառեցնելու ճանապարհով գնանք, գերլարված մթնոլորտի տրամաբանությամբ, պետք է մեր երկրում գործող բոլորը ծրագրերը սառեցնենք։ Առաջին նախագահի մտահոգությունները՝ պայմանավորված կորոնավիրուսով, կիսում եմ։ Ապրիլյանի սառեցումը ունի մեկ նպատակ, երբ որ առավոտյան Սերժ Սարգսյանը հաստատեց իր գալը, ոնց որ թե այս քայլով առաջին նախագահը գործարք է առաջարկում՝ սառեցնել ապրիլյանը, որպեսզի Սերժ Սարգսյանը ամսի 16-ին չկարողանա գալ ու մասնակցել մեր աշխատանքներին։ Բայց մենք չենք սառեցնելու, հակառակը՝ ավելի ենք տաքացել, որովհետև մոտենում ենք մեր աշխատանքի ավարտին»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Աշխատանքը սառեցնելու հորդորը, Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, խնդիրների լուծման ճանապարհ չէ, հակառակը՝ երկրում լարվածության մթնոլորտը պահպանվելու է։

«Մարդիկ կան, որոնք գրգռվում են այս հարցից, բաց մարդիկ էլ կան, որոնք սպասում են այս հարցի հանգուցալուծմանն ու եզրակացությանը»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, սակայն պայմանով՝ եթե նիստը ձայնագրվելու է, ապա ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, իսկ եթե ոչ, ապա երրորդ նախագահին ձայնագրելու հնարավորություն տալ։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ այսօր հանձնաժողովն աշխատանքային քննարկում է ունեցել, որտեղ քննարկել են երրորդ նախագահի գրասենյակի առաջարկությունները և գրավոր պատասխան են ուղարկել։

«Դա պետք է խոչընդոտ չհանդիսանա ապրիլի 16-ի մեր հանդիպման համար։ Մենք հաստատել ենք, որ ապրիլի 16-ին, ժամը 14։00-ին հանձնաժողովը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նշանակել է հերթական նիստը։ Մենք պատրաստվում ենք ապրիլի 16-ի մեր աշխատանքին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։