Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavarutyun
A A
Պաշտոնական

Ովքե՞ր չեն կարող ընդգրկվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման ծրագրում

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են․

«Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամի հաղթահարման ծրագրերի, կառավարության աջակցությունների մասին ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջին ստացվող բազմաթիվ հարցումները, ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (http://www.mlsa.am/) պատրաստած հարցուպատասխանը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման մասին

Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Այս որոշմամբ, միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Ո՞ւմ է տրվում այս աջակցությունը:
Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:

Կա՞ն արդյոք բացառություններ, ովքեր չեն կարող ընդգրկվել այս ծրագրում:

‼️Ուշադրություն. ընտանիքը չի կարող աջակցություն ստանալ այն դեպքում, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:

Աջակցություն չի կարող ստանալ նաև այն երեխայի ընտանիքը, որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտա­նիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովու­թյան միավորը բարձր է 28.01-ից:

Շահառու չեն կարող դառնալ նաև այն երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը, ովքեր 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Այս միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար ընթացակարգ դեռևս սահմանված չէ: Ուստի՝ այս պահին դիմել պետք չէ: Կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը պատրաստ կլինի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո միայն կընդունվեն դիմումներ:

Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա»: