Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Իրական ճգնաժամը դեռ առջևում է․ այն նաև նոր հնարավորություն է․ «Աթենք» ընկերության սեփականատեր

Տեղեկություններ էին տարածվել, որ «Աթենք» ընկերությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել։ Ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար, արտադրամասում վիրուսի հաստատման դեպքեր չեն գրանցվել։

Այս օրերին հանդիպող դժվարությունների, աշխատանքի կազմակերպման, կրած  հնարավոր վնասների եւ այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է 1993 թվականին հիմնադրված, մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հետ։

«Աթենք» ընկերությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր արձանագրվե՞լ են։

- Փա՛ռք Աստծո, ոչ, մեր արտադրամասերում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չկան։

 

Ինչպե՞ս է ընկերությունը կազմակերպում իր աշխատանքը։ Աշխատակիցներն ինչպե՞ս են աշխատում։

-Մեր գործարաններում և ֆիրմային խանութներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը միշտ եղել է և կմնա խստորեն վերահսկվող ու կանոնավոր իրականացվող գործընթաց։ Դեռ մարտի սկզբից՝ իրավիճակին համապատասխան, մենք առավել ուժեղացրինք հսկողությունը սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների պահպանման հարցում: «Աթենք»-ում արտադրական գործընթացը հիմնականում ավտոմատացված է, ինչն էլ ենթադրում է աշխատանքներում սակավաթիվ մարդկանց ներգրավում: Մենք, իհարկե, ռիսկային գոտում գտնվող տարեց աշխատակիցներին առաջարկել ենք մնալ տանը՝ պահպանելով նրանց աշխատավարձը: Ամբողջ ադմինիստրատիվ և վարչական հատվածի աշխատանքներն էլ իրականցվում են հեռահար: Ինչ վերաբերում է մատակարարման գործընթացի կազմակերպմանը, նշեմ, որ մինչ գործարան մտնելն ու յուրաքանչյուր բարձումից առաջ մեքենաները, դրանցում առկա սառնարաններն ու սառցարաններն ամբողջությամբ ախտահանվում են հատուկ նյութերով։ Մեր աշխատակիցներին տրամադրել ենք համապատասխան արտահագուստ, նրանք պարբերաբար անցնում են ընդհանուր առողջական վիճակի զննում: Առաքիչները կրում են ձեռնոցներ, դիմակներ, օգտագործում են հակասեպտիկ միջոցներ: Ախտահանվում են նաև Ֆիրմային խանութների տարածքը, մուտքի դռների բռնակները, սառնարանները, անձնակազմը հաճախորդներին սպասարկում է բժշկական ձեռնոցներով և պաշտպանիչ դիմակներով, իսկ հաճախորդների համար մուտքերի մոտ տեղադրված են հակասեպտիկ նյութեր:

 

Ի՞նչ դիմումներ ունեք կառավարությանը՝ տնտեսական ճգնաժամի հետ կապված։

Կառավարության առջև այսօր շատ մարտահրավերներ են ծառացած, որոնք համակարգային մոտեցում և օպերատիվ լուծումներ են պահանջում: Այս դժվարին օրերին յուրաքանչյուրս պարտավոր ենք պետությանն աջակցել ու օգնել ուժերի ներածին չափով: Ստեղծված իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբվածությունը։ Մենք էլ մեր օգնությունն առաջարկեցինք և միացանք մեկուսացված քաղաքացիներին սնունդով ապահովելու ծրագրին: Ամեն շաբաթ մեր թարմ ու որակյալ մսամթերքով փաթեթներն ուղևորվում են այն վայրեր, որտեղ մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներն են։

 

Ի՞նչ վնասներ եք կրել։ Եթե կրել եք, ինչպե՞ս եք պատրաստվում որոշակիորեն վերականգնել Ձեր վնասները։

Այս օրերին սպառման շուկան շատ տատանվող և անկանխատեսելի է: Յուրաքանչյուր օրվա պատկերը կարող է կտրուկ տարբերվել նախորդից՝ այդ մասին են վկայում մեր ֆինբաժնի ամենօրյա հաշվետվությունները: Այդ իսկ պատճառով էլ լիարժեք պատկեր կունենանք համաճարակի ավարտից հետո՝ իրականացնելով ամբողջական և համալիր ֆինանսական վերլուծություն: Եվ մենք դա անպայման կանենք, ինչի հիման վրա էլ կմշակենք մեր հետճգնաժամային ռազմավարությունը:

 

Ո՞ր երկրներ եք արտահանում իրականացնում, ի՞նչ գնահատական ունեք արտաքին առևտրի վերաբերյալ։ Ներքին առևտրի մասով ի՞նչ կասեք։

«Աթենք» ընկերության 2020 թվականի ռազմավարական հիմնական նպատակներն ուղղված են դեպի Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն արտահանման ակտիվացմանը: Պետք է ասեմ, որ հայկական արտադրության մսամթերքը մեծ պահանջարկ ունի այդ երկրներում: Մեր ֆիրմային առաջին խանութը Վրաստանում բացեցինք դեռ 2019 թվականի նոյեմբերին և ընդամենը մի քանի ամսում տպավորիչ արդյունքներ ունեցանք։ Արդեն այս տարվա մարտին բացեցիք ֆիրմային երկրորդ խանութը: Վրաստան ենք արտահանում շուրջ 100 անուն ապրանքատեսակ: Ինչ վերաբերում է Ռուսատանի Դաշնություն արտահանելու մեր ծրագրերին՝ ներկա փուլում շարունակում ենք ուսումնասիրություններն ու բանակցությունները, հետևում ենք դեպքերի զարգացումներին:

 

Ըստ Ձեզ՝ Հայաստանի և համաշխարհային տնտեսությունն ի՞նչ վնասներ կկրի։ Ընկերությունը պատրաստվո՞ւմ է փոփոխություններ կատարել գործունեության ոլորտի հետ կապված։ Ձեր կարծիքով՝ առևտրի ո՞ր ոլորտները կմնան կենսունակ, որոնք՝ ոչ։

Ամեն բան կախված է նրանից, թե որքան կտևի այս իրավիճակը՝ 1 ամիս, 6 ամիս, գուցե և ավելիՏևողությունն էլ պայմանավորում է ճգնաժամի ուժգնությունը: Մեզ համար դեռևս անկանխատեսելի է, թե մեր տնտեսությունը ընդհանուր առմամբ որքան վնաս կկրի։ Կարծում եմ՝ իրական ճգնաժամը դեռ առջևում է, և սա վերաբերվում է բոլոր ոլորտներին: Այս փուլում մենք վերլուծում ենք իրավիճակը՝ հասկանալու համար, թե մեր ռեսուրսները կոնկրետ որ ուղղությամբ կենտրոնացնենք, որպեսզի դժվարություններն ավելի արագ հաղթահարենք և հնարավորինս քիչ կորուստներ ունենանք։ Մենք մեր փորձից ենք ասում, որ նոր պայմաններում կգոյատևեն այն կազմակերպությունները, որոնք կկարողանան արագ կողմնորոշվել և արձագանքել փոփոխություններին: Ընդ որում, անկախ ճգնաժամային պայմաններից, հաջողության են հասնում այն ընկերությունները, որոնք ճկուն են և արագ փոխակերպվող: Երբեմն փոխակերպվելու համար պետք է լինում հրաժարվել փորձված, երկար տարիներ իրենց արդարացնող և արդյունավետ բիզնես մոտեցումներից, անհրաժեշտ է լինում հիմնահատակ քանդել հինը: Եթե ոչ ճգնաժամային իրավիճակում մենք մեզ կարող էինք թույլ տալ չշտապել, վարանել, հետաձգել որոշումները, ապա ճգնաժամը ստիպում է գործել ճիշտ ժամանակին: Ճգնաժամը նաև նոր հնարավորություն է, և սրանք պարզապես խոսքեր չեն։