Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Միգուցե կգան, կասեն՝ ուրիշ Քոչարյանի են նկատի ունեցել․ փաստաբանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ հակասություններ կան դատարանի գործելակերպի մեջ։

Նշում է դատավոր Աննա Դանիելյանը մարտի 13-ից  թերթիկ է ներկայացրել, որ անաշխատունակ է, սակայն Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ  Արամ Վարդևանյանին դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ մարտի 17-ին Ռ. Քոչարյանի գործով դատական նիստը տեղի է ունենալու:

Նրա փոխանցմամբ ՝մարտի 16-ին՝ դատավարությունից մեկ օր առաջ, ինքը  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ, սակայն իրենց չի ասվել, որ ամսի  17–ի նիստը տեղի չի ունենալու:

«Կորոնավիրուսի հետ կապված խնդիրները ահագնանում են, և այդ ընթացում Ռ. Քոչարյանը  գտնվում էր էրեբունի կենտրնում: Հաշվի առնելով, որ 60 տարեկանից բարձր անձինք գտնվում են խոցելի խմբում, ինչպես նաեւ Քոչարյանի առողջական խնդիրները, մենք ամսի 24-ին ևս մեկ միջնորդություն ենք ներկայացրել նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Այն մինչ օրս քննության չի առնվել: Ասում են՝ դատավորն ունի առողջական խնդիրներ, թե ի՞նչ խնդիրներ ունի և քանի՞ օրվա խնդիր է՝ մեզ ոչ ոք ոչինչ չի ասում:  Ներկայացվում է, որ դա անձնական խնդիր է, և չեն կարող տեղեկացնել: Աննա Դանիբեկյանի խնդիրը միայն իր խնդիրը չէ, մենք պետք է իմանանանք՝ երբ է սպասվում ապաքինումը» : 

Փաստաբանը նշում է, որ Առաջին ատյանի դատարանի նախագահը հավաստիացրել է, որ բացի Աննա Դանիբեկյանից ուրիշ ոչ ոք իրավասու չէ այս գործը քննել: Սակայն Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշման մեջ նշված է, որ երբ տվյալ գործը քննող դատավորը գտնվում է արձակուրդում, կամ օրենքով սահմանված հիմքով բացակայում է, տվյալ դեպքերում միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ բաշխվում են այլ դատավորների միջև: 

«Դատարանի նախագահը, իմանալով այս ամենը, միտումնավոր ձգձգում է: Դատավորի աշխատակազմից դադարել են մեր զանգերին պատասխանել․ նրանք տալիս են անհասկանալի պատասխաններ: Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ, վարչապետի ոչ ստանդարտ, ահաբեկչական քայլերը իրենց նպատակին ծառայել են: Ռ․ Քոչարյանի գործը դատավորները դիտում են որպես մի պատիժ: Ո՞նց եղավ՝ այս գործը ընկավ ինձ, օրենքը ասում է այսպիսի լուծում, բայց եթե այդպես վարվեմ, կարող են դատարանը փակել:Բայց կան դատավորներ, որոնք այս իրավիճակը դիտարկում են հնարավորություն՝ իրենց մարդկային և մասնագիտական հատկանիշները դրսևորելու  միջոց»:

Փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ իրենք դիմումներ են ներկայացրել ԲԴԽ-ին և ՄԻՊ-ին: ՄԻՊ-ից ստացել են պատասխան, որ այն հանգամանքը, որ այս իրավիճակում չկա միջնորդության քննություն կատարող դատավոր, խնդիր է, և ցանկացած խափանման միջոցի քննություն պետք է քննվի անհապաղ:

«Այս պայմաններում ունենք կորոնավիրոսային վարակ և Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողների մոտ հաստատված վարակված դեպք»: 

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև Ռ. Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած դատական հայցին՝ նշելով, որ հայցը հնարավոր է հետ վերցնեն, եթե վարչապետը իր խոսքերից հրաժարվի:

 «Անցյալ անգամ վարչապետին զայրացել էր այն հանգամանքը, որ 2018 թվականին վերաքննիչը ազատ էր արձակել Քոչարյանին, և մեկ ամիս անց Փարիզում արեց հետևյալ հայտարարությունը՝ «Կամ թեկուզ Քոչարյանին ասում են՝ անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է․ կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել ասել՝ ես անձեռնմխե՞լի եմ,  որտեղ է այսպես գրված»: Վարչապետի ներկայացուցիչը եկավ դատարան և հայտնեց, որ այս արտահայտությունը Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում: Հիմա եթե այս անգամ էլ կգա դատարան և կասի, որ հերթական անգամ էլ Ռ. Քոչարյանին նկատի չի ունեցել, կքննարկենք հայցի հրաժարման հնարավորությունը։ Հնարավոր է՝ հայցից չհրաժարվենք, քանի որ անցած անգամ հրաժարվեցինք, դրա համար Փաշինյանը անհավասարակշռված հայտարարություններ արեց Ռ. Քոչարյանի հասցեին: Այս անգամ էլ ասել է . «Ասում եմ անվանական՝ Ռոբերտ Քոչարյան, եվրոպացիների փեշերի տակ չեք թաքնվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պետք է հետ բերեք», և էլի նմանատիպ մեղադրանքներ: Միգուցե հիմա կգան, կասեն՝ ուրիշ  Քոչարյանի են նկատի ունեցել։ Հնարավոր չի կանխատեսել։ Բայց եթե այս անգամ էլ գան ու հրաժարվեն, անցած անգամ ես եմ Քոչարյանին խորհուրդ տվել, որ հրաժարվի, բայց այս անգամ ես խորհուրդ չեմ տա հրաժարվել, եթե նույնիսկ վարչապետի ներկայացուցիչը գա և ասի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել»,-եզրափակեց նա: