Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը հետաձգելու որոշում այս պահին չկա» 

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում այսօր արձանագրվել էր կորոնավիրուսի ախտորոշման առաջին դեպքը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն»,- հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ շտաբը ձևավորվել է Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու և ներկայացնելու համար։

Խնդրի շուրջ «Ա1+»-ը հարցեր է ուղղել ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Տիգրան Աբրահամյանին։

 

Քանի որ Արցախում կորոնովիրուսի դեպք է արձանագրվել և Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակիչները մեկուսացվել են, հնարավո՞ր է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը հետաձգվի։

Այս պահին նման որոշում չկա, լինելու դեպքում պատշաճ ձևով կտեղեկացնենք:

 

Ո՞ր դեպքում Արցախում արտակարգ դրություն կհայտարարվի, և արդյո՞ք քննարկումներ կան հայտարարելու վերաբերյալ։

Դա Արցախի սահմանադրությունն է սահմանում, նմանատիպ քննարկումների կամ հնարավոր որոշման դեպքում՝ կտեղեկացվի: 

 

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ու երկրորդ փուլ անցան ԱՀ նախկին պետնախարար/վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը (36,076 ձայն կամ 49,2 տոկոս) և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19,360 ձայն կամ 26,4 տոկոս)։