Բացել լրահոսը Փակել լրահոսը
92359479_3772684526139445_1448204444691857408_n
A A
Հասարակություն

«Ոչ մի չարացած մարդ մեր երկրում»․ անվճար սնունդ՝ աշխատանքից զրկված քաղաքացիներին

Ոչ մի սոված հայ երեխա, ոչ մի քաղցած հայ ընտանիք և ոչ մի չարացած մարդ մեր երկրում. ահա այս կարգախոսով քաղաքացի Արա Խաչատրյանը արդեն երկու օր է` սնունդ է մատակարարում աշխատանքից զրկված քաղաքացիներին:

Վաղարշյան 19 հասցեում տեղակայված «Հույսի Երազ, ամեն ինչ անվճար է» պաստառով ավտոմեքենան ամեն օր սնունդ է ընդունում այն քաղաքացիներից, ովքեր սոցցանցերի միջոցով տեսնելով Արա Խաչատրյանի նախաձեռնությունը՝ ցանկացել են աջակցել ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանք չունեցող քաղաքացիներին:

Արա Խաչատրյանը նշում է, որ 2 օրում արդեն 10-ից ավելի ընտանիքի է կարողացել օգնել: Օգնության համար  դիմում են նաև Գյումրիից, Աբովյանից, Արթիկից, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողանում այցելել: Առայժմ սնունդ են տանում միայն  Երևանի բնակիչներին:

Նախաձեռնությունը ոգևորել է ինչպես ընկերներին, ծանոթներին, այնպես էլ անծանոթ քաղաքացիներն, սակայն նրանց թիվը մեծ չէ,- ասում է Արա Խաչատրյանը: Օգնելու ցանկությամբ դիմել է նաև շրջիկ առևտրի կետ ունեցող մի երիտասարդ․ սա կարող է «վարակիչ» լինել  այդ բիզնեսով զբաղվող անձանց համար:

«Վերջին շրջանում բազմաթիվ նամակներ եմ ստացել անծանոթ քաղաքացիներից, որոնք խնդրել են իրենց սննդով օգնել:Դիմողների մեծ մասը միայնակ մայրեր են, որոնք, այս օրերին զրկվելով աշխատանքից, չեն կարողանում կերակրել իրենց երեխաներն: Շատ մարդկանց երբ ասում ես՝ եկեք վերցրեք սնունդը, նրանք նույնիսկ գումար չեն ունենում գալու և սնունդը վերցնելու համար: Այսպիսի  դեպքերում մենք ենք սնունդը տանում իրենց տուն: Եղել է դեպք, որ առաջարկել են գումար տալ, սակայն ես չեմ վերցրել, ասել եմ՝ դուք մթերքը գնեք, մենք կտանենք»:

Արա Խաչատրյանի խոսքով՝  բնակիչներին օգնում են առաջին անհրաժեշտության պարագաներով՝ մակարոնեղեն, ձեթ, բանջարեղեն և այլն:

«Կարևոր է, որ օգնողը հասկանա, որ իր օգնությունը տեղ է հասնում: Զարմանալի է, որ մեծամասամբ օգնելու ցանկություն են հայտնում ոչ լավ ապրող մարդիկ: Եղել են մարդիկ, որ  բերել են իրենց տան պահածոներից: Ազդեցիկ է, որ մարդիկ իրենց տան ունեցածով կարող են օգնել, իսկ շատ հարուստ մարդիկ, երևի ավելի վախենալով սոված մնալուց, ավելի խորն են ինքնամեկուսացել: Հավանաբար օգնող մարդկանց հավատքն է շարժում: Ընդամենը մի քանի ամիս առաջ գնում էինք իրար տուն, Նոր տարի էինք շնորհավորում ճոխ սեղանների շուրջ, հիմա էլ կարող ենք օգնել միմյանց: Մեր նախաձեռնության նպատակն է նաև մեղմել լարված մթնոլորտը, քանի որ կարիքը շատ անգամ չարացնում է մարդկանց»:

 Արա Խաչատրյանը պատմում է, որ բարեգործությունը միշտ չէ, որ միանշանակ է ընդունվում, շատերի համար կասկածի տեղիք է տալիս.

«Այսօր մեկը ինձ հարցնում է՝ ինչի՞ համար ես այս ամենը անում, պատգամավո՞ր ես ցանկանում դառնալ, ո՞րն է այս ամենի նպատակը։ Ես ասում եմ, որ նպատակն օգնելն է: Լավ չի, որ ամեն լավ բանի մեջ վատ բան են ուզում տեսնել»:

Արա Խաչատրյանը նշում է, որ օգնության կոչին դեռևս արձագանքել են միայն քաղաքացիները․ սակայն հույս ունեն, որ իրենց կմիանան նաև սննդի առևտրով զբաղվող կազմակերպություներ և անհատներ: 

Նշենք, որ ավելի վաղ Արա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն էր արել․

«Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ Ջան.
Շնորհակալություն այն քաղաքացիներին ովքեր արձագանքեցին մեր կոչին և եկան որպես կամավորներ.
Շնորհակալություն այն մարդկանց ովքեր կիսվեցին իրենց պատերին և տարածեցին մեր նախաձեռնության մասին... Շնորհակալություն այն հասարակ քաղաքացիներին ովքեր իրենց տան եղած պահածոներից բաժին հատկացրին և իրենք էլ տրամադրեցին այս պահին դրա կարիքը ունեցող մեր հայրենակիցներին.
Այս հարթակը ստեղծել ենք որպեսզի մեր այն մարդիկ ովքեր ցանկանում են աջակցել կարիքավորներին կարողանան իրականացնել իրենց ցանկությունները..
Միացեք մեզ , մեր հասցեն ՝ Վաղարշյան 19 -ի դիմաց Հույսի Երազ անունով (ՁԲԸ):
Դիմացի խանութների տերերը տարակուսանքի մեջ են, քանի որ մենք մարտահրավեր ենք նետել սննդամթերքի թանկացումներին և աղքատությանը...
Կոչ եմ անում բոլոր ադեկվատ մարդկանց, եկեք Ձեր ձեռքերով տվեք Ձեր օգնությունը ՝ տեղը մեզնից օգնությունը Ձեզնից:
#Մեր_սեղանից_Ձեր_սեղանին_մարտահրավեր
#Ոչ_մի_սոված_հայ_երեխա
#Ոչ_մի_քաղցած_Հայ_ընտանիք
#Ոչ_մի_չարացած_մարդ_մեր_երկրում
Վաղարշյան 19 Հույսի Երազ (ՁԲԸ)»։