Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Եկեք ինքներս մեզ չվախեցնենք, որ սով կլինի, բավարար պաշարներ ունենք․ վարչապետ

 59 տարեկան Դիանա Գասպարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է սպասվում այն տարիքի անձանց, ովքեր թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, քանի որ երիտասարդ չեն։ Հիմա էլ, երբ օգնության առաջարկներ եղան, իր հասակակիցները կրկին անտեսվեցին։

Ֆեյսբուքյան ողիղ եթերում ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ այդ տարիքային խմբի հետ կապված խնդիրներ կան, և նշեց, որ հիմա Կառավարությունը քննարկում է ընտանեկան նպաստի համակարգի բարեփոխումների համատեքստում ի՞նչ կարող են անել այդ առումով։

«Բայց իմ պատկերացմամբ 59, 65 և ավել տարեկան մարդիկ նույնիսկ 21-րդ դարում լիարեժեք աշխատունակ մարդիկ են։ Եվ մենք պետք է ունենանք ծրագրեր, որոնց նպատակը մարդկանց աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելն է։ Մենք նման ծրագրերին առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք։ Ես նկատի ունեմ մեր երկրի տնտեսական զարգացման առումով ոչ թե մեր նպատակը պետք է լինի այդ տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հմտությունները զարգացնել այնպես, որ աշխատաշուկայում աշխատանք գտնելու համար նրանք մրցունակ լինեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված գների աճը, բոլոր ապրանքները թանկացել են, անգամ հացը, համ գիտեն ժողովրդի վիճակը, համ էլ ուզում են այս ամեն ինչից մի բան պոկեն։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խնդրենց՝ նման «ապոկալիպտիկ» պնդումներ չանել, որովհետև դա լավ չէ։ Վարչապետն ասաց, որ Վանաձորում հացի թանկանալու դեպքի վերաբերյալ հանձնարարել է ուսումնասիրել պատճառները։ Ինքն այսօր խոշոր առևտրային ցանցերի տվյալներ է ստացել, որոնց համաձայն՝ հացի թանկացում չի եղել, բայց որոշ ապրանքների թանկացում կա, որն իրեն անհանգստացրել է և Կառավարությունը հիմա գնաճը զսպելու համար քայլեր է ձեռնարկում։

«Եկեք ինքներս մեզ չվախեցնենք, որ սով կլինի։ Հայաստանն ունի բավարար պաշարներ»,- շեշտեց վարչապետը։