Չեք կարծում, որ Ձեր խմբակցության անդամների մեծ մասը անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են․ հարց վարչապետին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին։ Էդգար Հարությունյան անունով օգատատերը վարչապետից հետաքրքրվել է, թե չի կարծում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։
«Գուցե նրանց մի մասին տուն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում»,- գրել է օգտատերը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ երբ ինքն էր ընդդիմադիր պատգամավոր, որոշ քննադատություններ էին հնչեցնում, թե ինքը միայն խոսում է։
Ըստ վարչապետի՝ պառլամենտ նշանակում է խոսելու տեղ և խորհրդարանն այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, ինչու չէ, նաև բանավիճեն։
«Այս առումով արտահայտվելը, խոսելը խորհրդարանում իրականացվող հիմնական գործն է։ Ես էլ, նախարարներն էլ, պատգամավորներն էլ երբ որ գնում ենք խորհրդարան, մտքեր ենք փոխանակում։ Շատ կարևոր է, որ մենք խոսողի արժեքը չթերագնահատենք, այլ բան որ մեզնից յուրաքանչյուրը մեր խոսքի կշռի ու արժեքի մասին պետք է մտածի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը բավականին էֆֆեկտիվ է գործում, ինչի մասին վկայում է նաև վիճակագրությունը։
«ԱԺ-մոնիտորինգ ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի գործունեությունը, ըստ որի՝ ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել է խորհրդարանը, 70 տոկոսը՝ Կառավարությունը։ Սա ԱԺ- մոնիտորինգ ծրագրի շուրջ տասնամյա դիտարկումների գրանցած ամենաբարձր ցուցանիշն է, այսինքն՝ պատգամավորների օրենսդրական գործունեությունն ավելի արդյունավետ չի եղել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ երկու գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել, դրանից առաջ էլ, որպես լրագրող, լուսաբանել է ԱԺ-ն, և հիմա համարձակվում է ասել, որ այս խորհրդարանը որակով է, քան նախորդ մի քանի գումարման խորհրդարանները։
«Սա մեր նվաճումը չէ, այլ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով ձևավորված խորհրդարանի առավելությունն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբեյալ նախագիծը, ինքը հպարտություն էր ապրել «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետև շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում էր եղել։