Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքները զրոյացվել են 3 ամսով. փոխնախարար (տեսանյութ)

Եվրոպական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում բժշկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը  զրոյացվել են:

Ապրիլի 3-ին  որոշման մեջ փոփոխություն կատարվեց, և ցանկն  ընդլայնվեց: Այն վերաբերում է բժշկական ապրանքների և դեղորայքի մեջ կիրառվող նյութերին. այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Ապրանքների ցանկին, նախարարի տեղակալի փոխանցմամբ, տնտեսվարողները կարող են ծանոթանալ կառավարության կայքէջից: Ըստ այդմ՝ ներմուծման ժամանակ տնտեսվարողը դիմում հայտ է ներկայացնում Առողջապահության  նախարարություն, և դրական եզրակացության դեպքում ներմուծվում է ապրանքը: 

«ԵՏՀ կոլեգիայի կողմից որոշում է ընդունվել, որով  3 ամիս՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների  արտահանումը ԵՏՄ-ի տարածքից դուրս: Խոսքը առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է: Մյուս որոշումը՝ ապրիլի 3-ին Եվրոպական հանձնաժողովի խորհրդի կողմից որոշվել է որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնել 3 ամսով՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար»: 

Վարոս Սիմոնյանը նաև նշեց, որ պարետի որոշմամբ՝ բժշկական նշանակության ապրանքների, սարքավորումների և դեղամիջոցների արտահանումը սահմանափակվում է․ դրանք հնարավոր է արտահանել միայն Առողջապահության նախարարի գրավոր համաձայնությամբ:

 «Իրանի Իսլամական Հանրապետոթյունից ապրանքների արտահանումը իրականացվում է գործող ցանկի համաձայն: Իրանից ապրանքների արտահանումն իրականացվում է ապրանքների փոխաբեռնումով՝ Մեղրի անցումային կետում կամ Ագարակ մաքսային անցակետում: Իսկ եթե անհնար է կոնկրետ ապրանքատեսակի փոխաբեռնումը, այդ դեպքում գործում է երրորդ միջոց՝   ապրանքի տեղափոխումն է ուղեկցմամբ, որը կատարվում է միայն Առողջապահության նախարարի, ՊԵԿ-ի թույլտվությամբ: Այդ գործընթացը կապված է սահմանային անցակետի բացթողումային հնարավորություններից և իրավիճակից»:

Վարոս Սիմոնյանը նաև նշեց, որ  տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ, որպեսզի առաջնային անհրաժեշտութան ապրանքների գնաճ չլինի : Նա նշեց, որ որոշակի հանգամանքների բերումով հնարավոր է՝ ապրանքների գների բարձրացումներ նկատվի, սակայն Կառավարության ձեռնարկած այլընտրանքային միջոցառումները կզսպեն գների բարձրացումը:

«Վրաստանում կան որոշակի սահմանափակումներ տեղաշարժի և բեռնափոխադրումներ հետ կապված: Մի քանի ժամը մեկ մաքսային ծառայողները Վերին Լարսում բաց են թողնում, հավաքում  30 մեքենա: Գիտենք, որ Վերին Լարսում առատ ձայն հետ կապված խնդիր կար, և պետք է խնդրենք մեր բեռնափոխադրող ընկերություններին որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն գործող պայմանները» : 

Վարոս Սիմոնյանը նաև նշեց, որ քաղաքացիներից ստանում են ահազանգեր, որ որոշ տնտեսվարողներ շարունակում են իրականացնել ժամանակավորապես արգելված տնտեսական գործունեություն, սակայն  ոստիկանությունը այցելում է և համապատասխան միջոցառումներ է իրականացնում: